«Պարգևավճարաները միայն իրենց նախարարներինն ու չգիտեմ ինչերինն է». Մարալիկի Շտապ օգնության աշխատակից
«Խայտառակ իրավիճակ է»,- ասում է Շտապ օգնության աշխատակից Անահիտ Հակոբյանը, ով Մարալիկի առողջության կենտրոնում աշխատում է արդեն 40 տարի և այսօր միացել էր Մարալիկի ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիային: Կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց աշխատանքից ազատելու համար իրավական ակտ չկա:
Առողջապահության նախարարությունը տարեսկզբից դադարեցրել է ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ կենտրոնը տարեկան կտրվածքով չի գրանցում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար, կենտրոնը նաև նոր սարքավորումների կարիք է ունեցել:
«Աբսուրդ երևույթ է: Քանի կար՝ աշխատատեղ էին ավելացնում, էս ի՞նչ եղավ հանկարծ: Հաստատվան աթոռներին ու եղածն էլ փակում են: Քանի՞ ընտանիք է մնում դուրսը, գործազուրկ, յուրաքանչյուրը մի ընտանիքի տեր է, երեխու տեր է, ո՞նց կարելի է այսպես»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, իսկ ամենամեծ ծանրաբեռնվածությունն ընկել է շտապ օգնության վրա, իրենք ԱՆ-ից որևէ ուշադրության չեն արժանացել:
«Շտապ օգնության աշխատանքին ղեկավարության որևէ ներկայացուցիչ արձագանք չի տվել: Պարգևավճարները միայն իրենց նախարարներինն ու չգիտեմ ինչերինն է: Մի հատ ուշադրության արժանի չե՞նք մենք: Հիվանդության հետ կռիվ ենք տալիս: Արձագանքը դրսի հայությունից է: Մենք ստացել ենք Սամվել Կարապետյանի ուղարկած պարգևավճարները, որի համար շատ շնորհակալ ենք, նախարարությունից ոչինչ չենք ստացել: Կոպիտ ասած՝ թքած ունեն»,- ասաց Մարալիկի առողջության կենտրոնի Շտապ օգնության աշխատակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։