«Վարչապետի պատվիրած փորձաքննությունն ասել է, որ չի կարող այս ՇՄԱԳ-ով ծրագիր լինել». Բնապահպանը՝ Ամուլսարի մասին
Օպերայի բակում տեղի էր ունենում ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ցուցարարները պնդում են, որ Կառավարությունը պետք է կատարի իր խոստումը, այն է՝ ուժը կորցրած ճանաչի Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի ՇՄԱԳ-ը և տա հստակ պատասխան, թե ի՞նչ դիրքորոշում ունի հանքի շահագործման վերաբերյալ: Նրանց են միացել նաև Ջերմուկի բնակիչները, որոնք ավտոերթով եկել են Երևան:
«Տեղացիներն արդեն 2.5 տարի փակել են դեպի հանք տանող ճանապարհները և պահանջում են, որ կասեցվի այս ապօրինի, կոռուպցիոն ձևով ստացված նախագիծը, ու մինչև հիմա Կառավարությունը ոչ մի քայլ չի արել, նորից մարդիկ գալիս են, որ հիշացնեն, կան բոլոր հիմքերը ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու: Հիմքերից մեկը հենց Կառավարության պատվիրած փորձաքննությունն էր, որի համար 400 հազար դոլար վճարվեց «Էլարդ» ընկերությանը: Հենց այդ եզրակացության մեջ պարզ ասվում է, որ այս ՇՄԱԳ-ով հնարավոր չի կառավարել ռիսկերը և ծրագիրն իրականացնել անվնաս: Այսինքն՝ իրենք անձամբ ասել են, որ կարիք կա նոր ՇՄԱԳ-ի: Հիմա մեր պահանջն է, որ Կառավարությունը կատարի իրա խոստումը, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ անգամներ, անգամ կամերաների դեմը, հայտարարել ա, որ փորձաքննությունը եթե ասի, որ կարիք կա նոր ՇՄԱԳ-ի, մենք ուժը կորցրած կճանաչենք հինը: Հիմա մենք ուզում ենք հիշացնենք իրանց խոստումը, արդեն այս խնդիրը լուծելու ժամանակն է, 2011 թ.-ից պայքար է գնում»,- ասաց Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքարող Անի Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենց ձեռքի տակ կան բոլոր իրավական հիմքերը, որոնք անհրաժեշտ են ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելու համար:
«Վարչապետի պատվիրած փորձաքննությունն ասել է, որ չի կարող այս ՇՄԱԳ-ով ծրագիր լինել»,- եզրափակեց Անի Խաչատրյանը:
Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Կառավարություն, այժմ գործադիրի շենքի առջև են: Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «Ամուլսարը սար է, մեր պայքարն արդար է», «Ամուլսար, միայն սար» և այլ կարգախոսներ: