«Սասնա ծռերը» թող իրենց կյանքի մասին մտածեն ու մի քիչ զգույշ լինեն, որովհետև թավիշի ժամանակներն անցել են». Հովհաննես Սահակյան

Բնական է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսը որոշ քաղաքական շրջանակների մոտ պետք է առաջացներ սուր զգացողություններ, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո չենք ունեցել մանիպուլյացիաների և պրովոկացիաների պակաս, բայց եղել են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ ժամանակն է, որ առանց շահարկումների տրվեն անպատասխան մնացած հարցերի պատասխաններն ու գնահատականները, որպեսզի տեղի ունեցածի ամբողջական պատկերը ներկայացվի։

«Այլապես դուրս է եկել, որ որոշ մարդիկ մեր ազգաբնակչության վրա ազդելու համար ապատեղեկատվություն են տարածել, դրա վառ ապացույցներից մեկն ապրիլյան պատերազմի հետ կապված այն հայտարարություններն են, որոնք կան: Ձևավորվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, որը դրանց վերաբերյալ էլ պետք է տա իր եզրակացությունը։ Խնդիրն այստեղ այն է, որ մեր հայրենակիցները, որոնք քաղաքական տարբեր հայացքների տեր են, մոռացել են, որ իրենց խոսքը լսում են նաև ՀՀ-ից դուրս, և այդկերպ կարծես թե հակառակորդի ջրաղացին են ջուր լցրել, ուստի ևս մեկ անգամ կարևոր է, որ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ սպասվելիք ասուլիսը ևս մեկ անգամ բացահայտելու է այս իշխանության խոստում տալու և դա չկատարելու բնավորությունը։

Ինչ վերաբերում է գործող իշխանության տված խոստումներին, ապա Հովհաննես Սահակյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվածները՝ մասնավորապես, տեսախցիկներից, կարմիր գծերից հրաժարվելու, Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտելու և այլնի մասին, ու նշեց.

«Այս բոլոր խոստումների հետ կապված հասարակական ընկալումը մի փոքր փոխվել է։ Օրինակ՝ Մարտի 1-ի բացահայտում ասելն ինձ համար 10 զոհերի սպանությունների բացահայտումն է, բայց դա տեղի չի ունեցել։ Որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ անհնար է գրեթե հստակ դրանց գնահատական տալ։ Իշխանությունը բացահայտման մասին հայտարարություններ էր անում այդ թեմաները հասարակության մոտ տաք պահելու համար, իսկ ժողովուրդը դրանցով կկերակրվի այնքան ժամանակ, որքան ինքը թույլ կտա և կցանկանա։ Նույնը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանի միլիարդների մասին խոսակցություններին»: Հովհաննես Սահակյանը նշեց, որ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն և այլևս թույլ չտան իրենց կերակել անկատար մնացած խոստումներով, որովհետև դրանք ասվել են պարզապես ասվելու համար։

Դիտարկմանը, որ գործող իշխանությանը խոստումները չկատարելու, հեղափոխություն չանելու համար մեղադրում է նաև նրան երբեմնի սատարող ու աջակից համարվող «Սասնա ծռեր» կուսակցությունը, մասնավորապես՝ կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնում է, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, և ժողովուրդը խաբվել է, Հովհաննես Սահակյանը նշեց.

««Սասա ծռերը» խումբ են, որոնք ահաբեկչություն են կատարել, ինչի հետևանքով զոհվել է 3 սպա։ Ես իրենց պետք է խորհուրդ տամ՝ այդպես վստահ չասեն, թե շարունակելու են ազգային-ազատագրական պայքարը, որովհետև էլ նախկին թավիշը չկա, իրենց ապագայի և կյանքի մասին թող մտածեն. թող մի քիչ զգույշ լինեն, թավիշի ժամանակներն անցել են, թող իրենց կյանքն ապահովեն»: Նա նշեց, որ չի պատկերացնում որևէ այլ երկիր, որտեղ կարող էր նման մասշտաբի ահաբեկչություն կատարվել, և իշխանությունը որևէ ուժային գործողություն չիրականացներ, իսկ իրեն նման կերպ պահեց 2016 թվականին կառավարող ուժը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս