Ինչո՞ւ ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին գիտական կոչումից, իսկ Ռուբեն Հայրապետյանին՝ ոչ
Այսօր կեսօրին տարածվեց հաղորդագրություն, որ ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքները և վերականգնել է նրա գիտական աստիճանը: Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելն անվավեր էր ճանաչվել ԲՈԿ նախագահի 17.07.2020 թ. հրամանով, որը և ԿԳՄՍՆ-ն անվավեր է ճանաչել, անվավեր է ճանաչվել նաև այդ նպատակով հարուցված վարույթը: Սմբատ Գոգյանը, ի թիվս այլ հարցերի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, թե ինչո՞ւ ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին ԲՈԿ-ը չզրկեց կոչումից, բայց զրկեց Դիանա Գալոյանին:
Երկուսի ատենախոսություններն էլ ԲՈԿ-ը համարել էր անվավեր՝ նշելով, որ դրանց մեջ առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ կան:
«Երբ հանձնաժողովը ֆիքսեց, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դա օգոստոսի 23-ն էր, կարծես թե դրանից հետո որոշ ժամանակ նախարարությունում խոսակցություններ էին գնում, որ ԲՈԿ-ը պետք է Ռուբեն Հայրապետյանին զրկի գիտական աստիճանից, և իրավաբանական վարչությունը ոչ մի հստակ բան չէր ասում: Ես ստիպված գրություն գրեցի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, գրությունը պատրաստեցինք, ուղարկեցինք նախարար Արայիկ Հարությունյանին, որն էլ այն ուղարկեց Բադասյանին: Գրությունն ուղարկեցինք դեկտեմբերի 9-ին, և դեկտեմբերի 26-ին Արդարադատության նախարարից ստացանք պատասխան, որ ԲՈԿ-ը, ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են, և ԿԳՄՍՆ-ն՝ որպես ԿԳՆ-ի իրավահաջորդ, իրավունք ունի ԲՈԿ-ի և ԲՈՀ-ի բոլոր հրամանները վերադասության կարգով չեղյալ համարել, և դա նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացնել Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ»,- ասաց Գոգյանը:
ԲՈԿ նախագահի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարը հունվարի 31-ին մեկ այլ հարցում է ուղարկել Արդարադատության նախարարին, որով ցանկացել է իմանալ, թե արդյոք ԲՈԿ-ը կարո՞ղ է չեղյալ համարել ԲՈՀ-ի ակտերը: Փետրվարի 10-ին այդ հարցմանը դրական պատասխան է ստացել: Գոգյանի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարության պատասխանը ԲՈԿ-ին ուշ է հասել, ինչի արդյունքում էլ չեն հասցրել Ռուբեն Հայրապետյանին զրկել կոչումից:
«Փետրվարի 10-ին Արդարադատության նախարարությունից ուղարկված պատասխանն ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին: Ուղեկցող գրության մեջ Արայիկ Հարությունյանը գրել է բառացիորեն հետևյալը՝ «ընդունել ի գիտություն՝ հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»,- ասաց ԲՈԿ նախագահը:
Սմբատ Գոգյանի պնդմամբ՝ պատասխանը ստանալուց հետո ուսումնասիրել են օրենքը և պարզել, որ խախտումը բացահայտվելու դեպքում, որը վարչական որոշումը չեղյալ անելու հիմք է տալիս, վարչական մարմինը՝ ԲՈԿ-ը, պարտավոր է 6 ամսվա ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում:
«Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել են օգոստոսի 23-ին: Օգոստոսի 23-ին, երբ գումարում ենք ուղիղ 6 ամիս՝ մաքսիմալ ժամկետը, ստանում ենք փետրվարի 23-ը: Փետրվարի 19-ին՝ հինգշաբթի օրով, մենք ստացել ենք գրություն, որ իրավունք ունենք, և նախարարի հանձնարարականը, որ նախաձեռնենք միջոցներ, և դրանից հետո կար ուրբաթ, շաբաթ և կիրակին լինում էին փետրվարի 21-ը և 22-ը, երկուշաբթի օրը վերջին օրն էր, երբ ԲՈԿ-ը կարող էր կայացնել որոշում: Բնականաբար, այդ երկու օրերի ընթացքում հնարավոր չէր սկսել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում: Դրա համար ԲՈԿ-ը չկարողացավ դա անել, իսկ դեկտեմբերի 26-ից ԿԳՄՍՆ-ն գիտեր, որ նա՝ որպես ԲՈԿ-ի վերադաս մարմին, կարող էր նախաձեռնել այդ միջոցները և նույնիսկ պարտավոր էր դա անել, բայց չի կատարել: Ինչո՞ւ, որովհետև, իմ ենթադրությամբ, այնտեղ կային մարդիկ, որոնք հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել նաև շատ այլ մարդկանց վրա:
Միգուցե նրանք, նախարարին տեղյակ չպահելով որոշ մանրամասների մեջ, երկրորդ գրությունն են ուղարկել Բադասյանին, փորձել են ցայտնոտային իրավիճակում դնել ԲՈԿ-ին, և նա կատարեր սխալ որոշում, սակայն մենք չկատարեցինք այդ սխալ որոշումը»,- ասաց Գոգյանը:
ԲՈԿ նախագահը հայտնեց, որ փետրվարի 26-ին գրություն են ուղարկել ԿԳՄՍՆ՝ նախարարի հետ հանդիպման ակնկալիքով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել, ինչից հետո ԲՈԿ-ը կենտրոնացել է հաջորդ ամենաակտիվ դեպքի՝ Դիանա Գալոյանի ատենախոսության վրա: