«Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան

Այսօր Կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել էր 2 տարի առաջ իր հանդիպումները բիզնեսմենների հետ, երբ նրանց հետ քննարկում էին հարկերի վճարման և ստանդարտների հարցերը, և այժմյան քննարկումները, երբ բիզնեսմենները, կապված կորոնավիրուսի հետևանքների վերացման հետ, գալիս են Կառավարություն՝ օգնության խնդրանքով: Վարչապետն այս կոնտեքստում հիշեց գույքահարկի բարձրացման շուրջ առաջացած աղմուկը:

«Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել: Ոչ մեկը չի ասում՝ եկեք տենանք՝ Երևան քաղաքի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ ա, ոչ մեկը չի ասում՝ եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում գույքահարկ, անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ ա եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված ա եղել սեփականաշնորհումների հիմքում, և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ ՀՀ-ի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, դա դեռ հասկացանք, դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ դեռ կվերադառնան ամենադաժան ձևով բիզնեսի կարգապահությունն ու ստանդարտները բարձրացնելու հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս