347 միլիոն դրամ՝ Ազգային անվտանգության ծառայությանը. Կառավարության օրակարգի հերթական չզեկուցվող հարցը
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի պետական բյուջեում` այս անգամ Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնելով 347,038.9 հազ. դրամ։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության ապահովման համար տեխնիկական հագեցվածության բարելավման անհրաժեշտությամբ:
Խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությանն անհրաժեշտ հետախուզական, հակահետախուզական, ռազմական հետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը և հատկացված 347 միլիոն 038 հազար դրամն ուղղվելու է հենց այդ նպատակին։
Նշենք, որ նախագիծը կառավարությունն ընդունել է օգոստոսի 6-ի նիստում. հարցը չզեկուցվողներից էր։
Նախագիծը գործադիրի հավանությանն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը։