«Եթե նախկինը մենք ենք՝ Արթուր Վանեցյանով, ապա այո՛, նախկին ենք, ու ոչ թե՝ վերադառնալու ենք, այլ՝ գալու». Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այս մի քանի օրերին տեղի է ունենում Ամուլսարի շուրջ, վերջին երկու տարվա իշխող վարչախմբի հայելային արտացոլանքն է. սա մի վարչախումբ է, որը ոչ մի ծրագիր այդպես էլ իր ավարտին չի հասցնում, միայն խոսում է և ոչ մի ծրագիր մինչև վերջ չի հասցնում և թաքնվում է ոստիկանի հետևում. ավելին՝ հեղափոխությունից հետո ամեն օր մենք տեսնում ենք ուժային բիրտ մահակ՝ կախված քաղաքացիների գլխին, իսկ դա, ի վերջո, միանշանակ հանգեցնելու է քաղաքացիական հուզումների և անհնազանդության։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։

«Ամուլսարը ազգային հարստություն է։ Այդ ո՞վ է ասում, որ 5000 տարի առաջ մեզ փոխանցված այդ ազգային հարստությունը հենց մեր սերունդը պետք է օգտագործի, իսկ գուցե մեզանից հետո եկող սերունդն ավելի գլոբալ մարտահրավերի առաջ կանգնի, և ինքն օգտագործի այս հարստությունը։ Այսպիսի գլոբալ հարցի շուրջ իշխանության որդեգրած դիտորդի կարգավիճակը ցույց է տալիս, որ իշխանության ամենակարևոր առանցքային հատկանիշներից մեկը՝ պատասխանատվությունը, չկա։ Ամուլսարը ցույց է տալիս, որ պատասխանատվություն սպասել այս իշխանությունից, սին հույս է։ Այս իշխանությունը պետք է գնա։ Այսպիսի իրավիճակները գնալով շատանալու են, նորանոր ամուլսարներ են առաջանալու, տնտեսական խնդիրներ և այլն, և հարյուր-հազարավոր մեր քաղաքացիներ՝ ինչպես այդ, այնպես էլ՝ Ամուլսարի հարցում բախվելու են պատնեշի։ Իրականում իշխանությունը կայացրել է իր որոշումը և դա ի օգուտ Ամուլսարի և ջերմուկցիների չէ, որովհետև եթե ոստիկանությունն այսօր դիմում է բռնության, ոստիկանների մեծաթիվ կուտակումներ կան, իսկ դա վկայում է, որ իշխանությունը գնում է հանքի շահագործման»,- ասաց Գալստյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը նման է եռացող կաթսայի, որի կափարիչն ամեն գնով իշխանությունն ամուր պահում է, և որքան էլ երկարաձգի արտակարգ դրությունը, միևնույն է ՝ մի օր պայթելու է։

«Իշխանությունը նպատակ ունի խեղդել երկրում հասունացող բողոքի ալիքը. գիտնականներ, գյուղացիներ, արտագնա աշխատանքի մեկնողներ՝ բոլորը կանգնած են խնդրի առաջ։ Ուշ թե շուտ ժողովրդի ահագնացող բողոքի ալիքը դուրս է հորդելու։ Մենք պատրաստ ենք գլխավորել ժողովրդական այդ հուզումները, համաժողովրդական բողոքի ալիքը, և եթե երկու տարի առաջ, եթե այդ նույն եղանակով կարողացավ իշխանության բերել այս իշխանությանը, ապա այդ իրավունքը ժողովրդի ձեռքից որևէ մեկը չի վերցրել, և նույն ձևով կարող է իշխանության բերել այլ ուժի։ Այսօր ժողովուրդը չի գնալու Փաշինյանի պես դեմագոգի հետևից, գնալու է հավասարակշիռ, քաղաքական գիծ ներկայացնող ուժի հետևից։ Մենք ենք այդ ուժը, Արթուր Վանեցյանն է այն լիդերը, որն այդ առաջարկով է հանդես գալիս։ Եթե նախկինը մենք ենք՝ Արթուր Վանեցյանով, ապա այո՛, մենք նախկին ենք, ու ոչ թե՝ վերադառնալու ենք, այլ՝ գալու»,- ասաց Գալստյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս