«ՀՔԾ ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ի կողմից՝ առանց ՍԴ-ի տված դիրքորոշման, օրինական է». Արծվիկ Մինասյան

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեկ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ հունիսի 30-ին ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ։

«Այս հաղորդման մեջ նշվել էր Քրեական օրենսգրքով ամրագրված երեք հոդված, այն է՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պաշտոնական լիազորություններն անցնելը։ Մենք ստացել ենք Հատուկ քննչական ծառայության, հատուկ գործերով քննիչ Մինասյանի որոշումը՝ այս հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ։ Մենք երեք ուժերով՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ, որոշել ենք բերել բողոք, քանի որ օրենքը նախատեսում է բողոք թե՛ Գլխավոր դատախազություն, թե՛ դատական կարգով»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին օգտվել են Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելու իրավունքից, և առաջիկա զարգացումները թույլ կտան ներկայացնելու հետագա գործողությունները։

Նրա խոսքով՝ հունիսի 30-ի որոշման մեջ մատնանշել են մի շարք փաստեր, որոնցով ցույց են տվել, թե ինչպես են իրենց կողմից մատնանշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը փորձել իրականացնել իր հանցավոր մտադրությունը, այն է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների զավթելը։

«Ցավոք, ավագ քննիչն այս ներկայացրած փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր այդ ամենը, մանրամասնություններով չի ուսումնասիրել, որը նրա պարտականությունն էր։ Դրա փոխարեն՝ ավագ քննիչը շարժվել է հետևյալ կերպ, նա վերցրել է և այս բոլոր փաստարկումներից մեկ-երկու դրվագ է առանձնացրել՝ հղում է տվել հաճախ անբացատրելի գործողության և ասել, որ այդ ամենը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործի հարուցմանը։ Այլ կերպ ասած՝ պատճառահետևանքային կապը և այդ շղթան, որը պարտավոր էր ուսումնասիրելու՝ մատնվել է անտարբերության։ Դրանից զատ, ՀՔԾ-ի պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են։ Օրինակ, ակնհայտորեն, ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում նախաձեռնվել է սահմանադրական փոփոխությունները, և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասնելու իր մտադրությանը, այն է՝ զավթել ՍԴ-ն՝ արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական իրավունքի հետ՝ նշելով, որ դա նրա իրավունքն է, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

Նա նաև նկատեց՝ ավագ քննիչն ուշադրություն չի դարձրել և չի ուսումնասիրել Ազգային ժողովի նիստում սահմանադրական փոփոխությունների հետ կապված պատգամավորների ելույթները, այդ թվում՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։

Փոխարենը՝ ավագ քննիչը վերցրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի  հայտարարությունները, նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանի ելույթը։

«Ըստ էության, ավագ քննիչը չի իրականացրել բազմակողմ, անաչառ վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով ասում է, թե քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին՝ ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ի կողմից՝ առանց ՍԴ-ի տված դիրքորոշման, օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչների լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը և Վենետիկի պաշտոնական տեսակետին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս