Բաժիններ՝

Սահմանամերձ Պառավաքարում բժշկական դիմակների և ձեռնոցների արտադրամաս և 400 աշխատատեղ կբացվի

«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն նոր արտադրամաս է բացում սահմանամերձ Պառավաքարում, որը երեք կողմից հարևան է ադրբեջանական գյուղերին։

«Բժշկական դիմակների օրական արտադրական ծավալը 300.000-ի է հասնում, և թիվն այս պահի դրությամբ պահպանվում է։ Առաջիկայում մեր ամենահեռու գործարանը, որն ադրբեջանական սահմանից 6 կմ է հեռու, կբացվի։ Խոսքը Պառավաքարի մասին է, որտեղ ևս կունենանք բժշկական դիմակների արտադրություն և թիվը կրկնապատենք։ Մոտակա 10-15 օրվա մեջ աշխատանքները կսկսվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։

Նրա փոխանցմամբ՝ 150 հոգի նախնական կաշխատի, բայց պլանավորում են մինչև 400 աշխատատեղ ունենալ։

«Անցած տարվանից ենք շինարարությունը սկսել, ձեռնոցների արտադրություն է լինելու, ուղղակի, որպեսզի մարդիկ աշխատանքին մի քիչ ծանոթանան, որոշեցինք դիմակի արտադրությամբ սկսել, մինչև  շինարարությունն ավարտվի հիմնական հատվածներում ու զուգահեռ ձեռնոց արտադրվի։ Մինչև տարվա վերջ կավելացնենք ձեռնոցի մարտկոցները»,- նշեց Միքայել Եզեկյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի առաջին տասնօրյակում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել էր Պառավաքար գյուղ: Մարզպետը «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել էր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Հայտնել էին, որ ընկերության Պառավաքարի մասնաճյուղը կսկսի գործել օգոստոս-սեպտեմբեր ամիսներից։ Մարզպետարանի լրատվական ծառայությունը հիշեցրել էր, որ «Տավուշ տեքստիլ» ընկերությունը Տավուշի սահմանամերձ համայնքներում զբաղվում է շինարարական ձեռնոցների արտադրությամբ, վերջինս ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը։

2019թ. հուլիսի 30-ից Պառավաքար գյուղում մեկնարկել էին նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալու ստեղծել նոր աշխատատեղեր՝ տեղի բնակչության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս