Եթե նույնիսկ պատգամավորների գերակշիռ մասը վարակված լինեն, օրհասական հարցի դեպքում պետք է գալ ու քվեարկել. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, երբ հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վճարովի հիմունքներով են տեղի ունենում, դրա հետ կապված որևէ փաստ ունի՞:

«Ես խոսում եմ լրատվամիջոցների մասին: ՀՀ-ում լրատվամիջոցները հիմնականում՝ 90 տոկոսը, դրանք ոչ շահավետ բիզնեսներ են: ՀՀ-ում հեղափոխությունից հետո  Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առք ու վաճառքի պայմանագրեր, դրանց մեջ մտան «5-րդ ալիքը», եթե չեմ սխալվում՝ news.am-ը, ու էլի շատ ու շատ բաներ: Այդ ամենն արվել է ու արվում է մեկ բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար, ինչի մասին ես խոսում եմ:

Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որպեսզի ստեղծվի իրականություն, հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են հենց իրենց ստեղծած ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն իրենք ստեղծում են, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը, և հետո դիտում են այդ հեռուստալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը շատ ցածր է: Իսկ իրականում նրանք ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, հաճախ նաև բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով իշխող խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորներին և հարցին, թե ինչպե՞ս են որոշում կոնտակտավորներին, և արդյո՞ք նրանք մեկուսանում են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այն պատգամավորները, որոնք համարվում են հնարավոր կոնտակտավոր, արդեն կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Օրինակ, տիկին Մակունցը մեր առջև է նստում, նա նույնպես թեստ հանձնել է, և պատասխանը բացասական է: Աստված չանի, եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ՝ մենք՝ լինելով  ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս