«Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ պարոն նախարարը, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել և վստահել է ՀՔԾ պետին». Ալեքսանդր Ազարյան

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ)  շարունակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը:

Նիստի սկզբում ելույթի խոսքով հանդես եկավ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, որից հետո ելույթ ունեցավ դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Վերջինս ասաց, որ կարգապահական միջնորդության մեջ նշվածը ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում, ապա տարակուսեց, թե ինչո՞ւ է նախարարը նախապատվություն տվել ոչ թե իր, այլ ՀՔԾ պետի ներկայացրած իրականությանը:

«Ինչևէ, նշված հանգամանքը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ պարոն նախարարը, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել և վստահել է ՀՔԾ պետին: Իսկ այն, որ ՀՔԾ պետը իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահի դրությամբ, այն է՝ 2020թ. մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, դա կասկած չի հարուցում»,- ասաց դատավոր Ազարյանը:

Ապա դատավորը բառացի մեջբերեց այդ դատական նիստի ընթացքում իր արած արտահայտությունը. «Հույս ունեմ, որ քննիչը չի իջնի Հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»:

Դատավորի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀՔԾ պետը վիրավորվեց այդ օրը, այլ ոչ դրանից մեկ շաբաթ առաջ, երբ մեկ ուրիշ դատական նիստի ժամանակ նույն բանն է ասել:

«Միգուցե այն պատճառով, որ ես տվյալ նիստի ժամանակ ՀՔԾ դիրքորոշմանը համահունչ վճի՞ռ եմ կայացրել»,- ասաց Ալ. Ազարյանը:

Ելույթից հետո դատավորին հարցեր ուղղեց արդարադատության նախարարը, սակայն ստացվեց այնպես, որ դատավորն ինքը սկսեց հարցեր ուղղել Ռուստամ Բադասյանին:

Պետք է նշել, որ նախարարի և դատավորի միջև ընթանում էր բավականին կոռեկտ, հարգալից  հարցուպատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս