«Կարող եք գնալ, բուլվարներում ման գալ». Դավիթ Խաժակյանը՝ Գրիգոր Երիցյանին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որոշ ժամանակով նիստից բացակայելուց հետո երբ վերադարձավ, անդրադարձավ իր բացակայության ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, ինչի մասին իրեն տեղեկացրել են: Նա ասաց, որ որոշ ժամանակով դուրս էր եկել դահլիճից, և ավագանու անդամներից մեկն անդրադարձել է իր ելույթին:
«Ինձ ասացին, որ չգիտենք, թե ով, բայց քաղաքական բնորոշմամբ՝ անդեմ մի մարդ ելույթ ունեցել և քեզ է պատասխանել: Հարգելի «Իմ քայլը» խմբակցության անդամներ, ես ձեզ հետ որևէ վեճ չունեմ, և հաշվի առնելով, որ, եթե դուք, օրինակ, բացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և տեսնեք անկուսակցականների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համամասնությունը, կհասկանաք, որ քաղաքական իմաստով չկա քաղաքային իշխանության պատասխանատու և մարդիկ, որոնք ինչ-որ տեղ ինչ- որ գործունեություն են ծավալել, հիմա եկել են, քաղաքական կենսագրություն չունեն ու ինչ-որ քաղաքական ելույթներ են ունենում: Մարդիկ հետևում են, ցավով են նայում, թե ինչ է կատարվում Երևանի ավագանիում և նայում են, որ ինչ-որ մեկը, որը չունի որևէ կենսագրություն, քաղաքական կողմնորոշում, մեծ-մեծ ելույթներ է ունենում: Ես սրան չէի էլ պատասխանի, եթե ինձ չասեին, որ նման ելույթ է եղել»,- ասաց Խաժակյանը:
«Լույս» խմբակցության ղեկավարը նշեց, որ իր համար զարմանալի է, թե քաղաքական կողմնորոշում չունեցող մարդու համար ի՞նչ տարբերություն, թե ինքն ինչ կարգավիճակ ու ինչ մտքեր ունի: Նա մեջբերեց Երիցյանի արտահայտած այն միտքը, որ իրեն չի հետաքրքրում Խաժակյանի կենսագրությունը, որի մասին վերջինը խոսել է:
«Ես այդ քաղաքական իմաստով անդեմ մարդուն ուզում եմ ասել, որ ինձ չի հետաքրքրում, թե իմ ելույթները Ձեզ որքանով են հետաքրքրում, Դուք ինչ գնահատական եք տալիս իմ գործունեությանը: Մենք դժվարին ընտրական պայմաններում 3 խմբակցության ներկայացուցիչներով այստեղ ենք, այդ ձայնը մեզ տվել է Երևանի բնակիչը, այս դահլիճում որևէ մեկը չի կարող հիմնավորել, թե իր համար հետաքրքի՞ր է, թե՞ հետաքրքիր չէ: Եթե ձեզ հետաքրքիր չէ, կարող եք գնալ բուլվարներում ման գալ: Երբ ինձ քաղաքականապես չկողմնորոշված մարդկանց ելույթները հետաքրքիր չեն լինում, ես դուրս եմ գալիս, կամ չեմ լսում, կամ անտեսում եմ»,- ասաց Խաժակյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ ավագանու նիստերի դահլիճում բոլորն էլ ընտրված մարդիկ են և իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ինչ վերաբերում է փոխադարձ վիրավորանքներին, քաղաքապետը պարզաբանեց.
«Երբ ես հորդորում եմ, որ՝ մի վիրավորեք իրար, դա շատ պարզ, բացի մարդկայինից, նաև տեխնիկական բնութագիր ունի: Եթե Դուք վիրավորում եք ինչ-որ մեկին, մյուսը ելույթ է ուզելու, վիրավորելու է Ձեզ, հետո Դուք՝ իրեն: Նախ՝ մենք ժամանակ ենք կորցնելու, երկրորդ՝ այդ ելույթներով ավագանու որակը սկսելու ենք իջեցնել: Դա ձեռք չի տալիս բոլորիս միասին»: