«Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց». ԿԳՄՍ նախարարը չի մեկնաբանում ԲՈԿ նախագահի հրաժարականի դիմումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումի հետ կապված որևէ նորություն լինի, ապա այդ մասին բոլորը կիմանան:

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված՝ համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի  նախապատրաստում էին իրականացրել և Սմբատ Գոգյանին ևս հրավիրել էին: Գիտեք նաև, որ դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում և տարբեր հայտարարություններով խառնել էր ամբողջ մամուլը: Սակայն Սմբատ Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ հովանավորչության մասին հայտարարություն արած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ. «Այսքանով կսահմանափակվեմ այս հարցի վերաբերյալ, հարցի չեմ պատասխանի: Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 14-ին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում էր գրել, սակայն այն մինչև այսօր վարչապետը չի ստորագրել:

Հիշեցնենք նաև, որ Սմբատ Գոգյանի հրաժարականից հետո ԿԳՄՍ նախարարը Ֆեյսբուքում գրառում էր կատարել և նշել, որ այն կարող են ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. «Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։

Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու՝ ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով»,- գրել էր ԿԳՄՍ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս