«Նշանակված բոլոր դատավորների իրավական կյանքը լինելու է այնքան, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքն է». Քաղտեխնոլոգ
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
Նշենք, որ 168.am-ն արդեն գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ 2018 թ. ապրիլ-մայիսից հետո Հայաստանում ձևավորվել է անձնիշխան համակարգ, որը չի հանդուրժում իրեն չենթարկվող այլընտրանքային ինչ-որ ինստիտուտի գոյությունը, և ամեն ինչ անում են, որպեսզի այդ ինստիտուտները մտնեն անձնիշխան համակարգի բուրգի մեջ:
«ՍԴ-ն, գաղտնիք չէ, որ չէր ենթարկվում վարչապետի ցանկություններին, և, բնականաբար, այդ կառույցը պետք է վերացվեր: Հիմա ընդամենն ականատեսն ենք լինում այդ քաղաքական գործընթացին, այսինքն՝ ՍԴ-ն՝ որպես ինքնուրույն մարմին, վերացվում է և մտնելով անձնիշխան համակարգի մեջ, բնականաբար, դառնալու է վարչապետին ենթակա կառույց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:
Նրա համոզմամբ՝ իշխանությունները մինչև վերջ կգնան, եթե չհանդիպեն դրսից հակադրություն. «Այո, իրենք կազատեն որոշ դատավորների, կդնեն իրենց թիմակիցներին, հետո կփոխեն ՍԴ նախագահին: Եթե անգամ դա հաջողվի անել, և ինչ-ինչ օրենքներ թույլ չտան նաև՝ Հրայր Թովմասյանը կարողանա դրան դիմադրել, դառնա շարքային դատավոր, ապա նշանակված բոլոր դատավորների իրավական կյանքը լինելու է զուտ այնքան, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքն է:
Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի, և ՀՀ-ում կձևավորվի նոր իշխանություն, որը կլինի ընդդիմադիր այս իշխանությանը, նրանք առաջին հերթին նորից նշելու են Սահմանադրական դատարանի հարցը. հանելու են վարչապետի կողմից նշանակված դատավորներին և նշանակելու են իրենց դատավորներին: Մենք մտնում ենք այս ցիկլի մեջ»:
Արմեն Բադալյանն այս գործընթացում կարևորեց հատկապես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի դերը. «Շատ կարևոր է, թե իրենց ինչպես են պահելու «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսինքն՝ նրանք միասին դիմելու են ՍԴ՝ այս օրենքների Սահմանադրականությունը վիճարկելո՞ւ, թե՞ ոչ, և դրանից կախված՝ շատ հարցերի պատասխաններ կստանանք»:
Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությանը։
Նշենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ունի լիազորություն պատգամավորների թվի մեկ հինգերորդով դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։