
Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի տարեցտարի կատարելագործվեն հիմնադրամի ունեցած գործիքակազմն ու տարբեր ծրագրերով առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը:
Նախագահ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հիմնադրամի նոր գլխավոր տնօրենին` Էռնեստ Գրիգորյանին, և համոզմունք հայտնել, որ վերջինս պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները:
Արայիկ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԱՆՀ նախկին գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանին: