«Կարելի էր սպասել, որ ՀՀ վարչապետը կհրաժարվի այցելել Ռուսաստան»․ Լուկիանով

«Կարելի էր սպասել, որ ՀՀ վարչապետը կհրաժարվի այցելել Ռուսաստան Հայրենական Մեծ պատերազմին նվիրված շքերթին մասնակցելու նպատակով»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառներ կան ՀՀ վարչապետի մոսկովյան առաջիկա այցի չեղարկման հարցում։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը չեղարկեց իր առաջիկա այցը Մոսկվա, որի շրջանակում նա պետք է մասնակցեր Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ ամյակին նվիրված միջոցառումներին։

«Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ այն դեպքում, երբ հունիսի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում նա հույս էր հայտնել, որ մինչ հունիսի 24-ն ապաքինված կլինի կորոնավիրուսից և կկարողանա մասնակցել բոլոր միջոցառումներին:

Նշենք նաև, որ հունիսի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, ում հետ փոխանակվել էր Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

Լուկիանովն ասաց, որ առաջացած խնդիրը բացարձակ որևէ առնչություն չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Ավելին, նրա կարծիքով, հայ-ռուսական լարվածության մասին խոսակցությունների ֆոնին այդ այցը դրականորեն կանդրադառնար ստեղծված իրավիճակի վրա, և կոնկրետ մասնակցության հարցում կար նախնական շահագրգռվածություն բոլոր կողմերում։

«Կարծում եմ՝ այդ որոշման հարցում իր դերակատարությունն ունեցավ այն, որ որոշ ղեկավարներ ելնելով տարբեր պատճառաբանություններից՝ հրաժարվեցին մասնակցել, և դա նախադեպ դարձավ մի շարք ղեկավարների համար, որոնք պատրաստակամություն էին հայտնել մասնակցել։ Բոլոր երկրներում ներկայումս կա համաճարակային իրավիճակ, և գոնե այդ պատճառաբանությամբ ոմանք հրաժարվեցին։ Հայաստանի դեպքում այս ընթացքում կտրուկ փոխվեց ներքաղաքական իրավիճակը, զարգացումները շատ արագ են տեղի ունենում, իրավիճակն անկայուն է, և կարծում եմ՝ երկրից բացակայելն այս իրավիճակում նախընտրելի չէ իշխանության տեսանկյունից, հատկապես, երբ շքերթին մասնակցելու հարցում որևէ պարտադրանք չկար, քանի որ Ռուսաստանն ինքը շքերթը հետաձգել էր անորոշ ժամանակով և միայն իրավիճակի փոքր-ինչ կայունացման դեպքում որոշում կայացրեց անցկացնել։ Ինչպես ասացի, ՀՀ ղեկավարությունը տեսավ նաև, որ կան այնպիսիք, որոնք հրաժարվում են՝ հաշվի առնելով միայն կորոնավիրուսային իրավիճակը, իսկ Հայաստանի դեպքում կա երկու լուրջ պատճառ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ու ներքաղաքական զարգացումները»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, որ սա որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ֆոնը ներկայումս ձևավորում են շատ ավելի լուրջ երկկողմ բնույթ ունեցող հարցեր, որոնք գրեթե ամեն օր քննարկվում են։

Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական կյանքին և շրջանառվող կարծիքներին, թե Մոսկվան շահեր ու հետաքրքրություններ ունի Հայաստանում, Լուկիանովն ասաց, որ Մոսկվան հետևում է, բայց չի միջամտում։

«Այդ կանոնը Մոսկվայի համար գործում է հստակ կերպով ավելի ամրապնդված վերջին տարիներին, քանի որ այդ թեման հետսովետական տարածաշրջանում շատ է շահարկվում և դառնում ներքաղաքական կյանքում ակտիվ քննարկվող և զարգացումների վրա ազդող գործոն, ուստի Մոսկվան չի միջամտում, որևէ կերպ չի արձագանքում»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս