«Ավելորդ անգամ ապացուցում է, որ ծանր կացության մեջ են, քանի որ չունեն ապացուցային բազա». Արման Աբովյան
«Սա զավեշտալի է, քանզի արդեն ուժային կառույցներն իրենք էլ են խճճվել՝ փորձելով հիմնավորել իրենց կողմից շինծու գործը, շինծու մեղադրանքները»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԱԾ-ն նշել է նաև, որ սույն գործով ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը։
«Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկությունների տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:
«Իրենք արդեն իրենց էլ հաշիվ չեն տալիս, թե ինչ են անում: Ինչ ուզում են՝ թող անեն, իրենց գործն է, բայց այս զավեշտը, որն արդեն որերորդ օրն է՝ մենք տեսնում ենք, ավելորդ անգամ ապացուցում է, որ՝ առաջին՝ ոչ գիտեն աշխատել, ոչ կարողանում են աշխատել, երկրորդ՝ ծանր կացության մեջ են, քանի որ չունեն ապացուցային բազա, և երրորդ՝ սրանով կրկին հաստատում են, որ գործն ունի բացառապես քաղաքական բնույթ»,- հավելեց Ա. Աբովյանը:
Հարցին՝ արդյոք ԱԱԾ հայտարարության մեջ նշված աջակիցները կգտնվե՞ն, կլինե՞ն մարդիկ, ովքեր ապացույցներ կտան ԱԱԾ-ին, նա պատասխանեց.
«Գիտեք՝ պետք է ապացույցներ լինեն, որ կարողանան տալ. ապացույցներ չկան, չեն էլ կարող լինել, և սա, հնարավոր է, իշխանությունների հերթական խաղն է՝ ինչ-որ հեռանկարներով»: