«Փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջացնում, որ դատարաններում ամեն ինչ դեռևս վերջացած չի». Երեմ Սարգսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանի որոշումը տրամադրվել է անմիջապես.

«Բավականին ծավալուն է, կծանոթանաք, հիմնավորումներին ծանոթանալուց հետո դիրքորոշում կարտահայտենք: Չենք բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից, որովհետև դատարանն այս պահին երկու հարց է որոշում՝ կամ բավարարել, կամ մերժել:

Կարող է՝ հիմնավոր կասկածի մասով հաստատված լինի, կամ հերքված լինի, հիմքերի մասով, այսինքն՝ որոշ առումներով կարող է բողոքարկման անհրաժեշտություն լինի: Բայց արձանագրենք ամենակարևոր փաստը, որ այս պահին կալանավորումը մերժվել է, ազատության մեջ է: Ես ուրախ եմ, որ դատարանն ուղղակի կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից, որովհետև ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսների վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար»:

Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ այն փաստերը, որոնք ներկայացվում էին, ակնհայտ էին դարձնում, որ կալանավորումը մերժվելու է:

Փաստաբանը նկատեց նաև, որ փաստաբանական խումբը վստահ է եղել, որ դատարանը, հասկանալով գործի քաղաքական բնույթը, մնացած փաստերի մեջ առավել խորամուխ կլինի.

«Այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի է քննվում, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը ընդհանրապես իրավունք չունի այս գործը քննելու՝ անկախ նրանից քննիչ են, թե ոչ, դա հավասարազոր է, որ մեզնից յուրաքանչյուրն այս քրեական գործը քննի, որովհետև օրենքով իրենք իրավասու չեն քննելու. ՀՔԾ քննիչները պետք է քննեն»:

Անդրադառնալով դատավորին ավելի վաղ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանն ու այսօր կայացրած որոշմանը՝ նա հստակեցրեց. «Այն փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջացնում, որ դատարաններում ամեն ինչ դեռևս վերջացած չի:

Ամբողջ խնդիրը նրանում է, որ համակարգչային եղանակով չի մակագրվել. Շենգավիթ վարչական շրջանում կար դատավոր, որը քննեց Քոչարյանի կալանքի միջնորդությունը, և ձայնագրությունը որ եղավ գաղտնալսումների՝ դրանից հետո ես չեմ հիշում որևէ քաղաքական բնույթի գործ, որ նույն դատավորը քննի. Ինչու՝ պատահական էնպես ստացվեց, որ էլ իրեն չի մակագրվո՞ւմ, հա՞: Հաջորդը՝ մյուս դատավորը՝ պարոն Արտուշ Գաբրիելյանը, որը գրեթե բոլոր քաղաքական բնույթի գործերն ինքն էր քննում: Այսինքն ընտրվում են այն դատավորները, որոնք կբավարարեն»:

Հարցին՝ արդյոք այս անգամ իշխանությունը սխալ ընտրություն էր կատարել, նա պատասխանեց. «Հենց դա եմ ուզում արձնագրել, որ ես ուրախ եմ, որ ի վերջո, դատավորը կարողացավ էդ ուժն իր մեջ գտնել: Մեր պայքարն ինչի՞ համար էր, որ դատավորն ի վերջո հասկանար, որ այս մեթոդը, որն իշխանությունները, դատարանի նախագահն ընտրել է, նաև ինքը չլինի դրա մասնակիցը»:

Ե. Սարգսյան հավելեց, որ իրավական գործընթացը շարունակվելու է, քանի որ կա քրեական գործ:

Հարցին՝ Գ. Ծառուկյանը կրկին հրավիրվելո՞ւ է հարցաքննության, պատասխանեց. «Քննիչը կորոշի՝ անհրաժեշտությունը կա, թե չկա, բայց որ քննությունը շարունակվելու է, դա փաստ է»:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին: Փաստաբանական թիմը իքնաբացարկ էր հայտնել դատավորին` բարձրաձայնելով դատավորների մակագրման համակարգում առկա խնդիրը. այն չէր եղել պատահականության սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս