Բաժիններ՝

«Իրականում այդ գործողություններով հերթական անգամ անձանց իրավունքները խախտվեցին». Փաստաբանը՝ մեկուսացված անձանց  քարտեզը հրապարակելու մասին

Արդեն մի քանի օր է՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված անձանց գտնվելու վայրի քարտեզները։ Ըստ նախարարի, այդ քարտեզում կարելի է 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։

168.amփաստաբան Լուսինե Սահակյանից հետաքրքրվեց, արդյո՞ք իրավաչափ է այն, ինչ անում է Առողջապահության նախարարը, և առհասարակ թույլատրելի՞ է հրապարակել մեկուսացված անձանց գտնվելու վայրի հետ կապված որևէ տվյալ։

«Առհասարակ, երբ խոսում ենք իրավաչափ նպատակի մասին, և երբ իրավունքը սահմանափակվում է մեկ այլ՝ ավելի կարևոր իրավունքը պահպանելու նկատառումներից ելնելով, պետությունը, իհարկե, պարտավոր է հիմնավորել դա։ Կյանքը ցույց է տալիս, որ, եթե նույնիսկ այդ տեսակետից նայենք խնդրին, չնայած ես համարում եմ, որ սա իրավունքի կոպիտ խախտում է, պետք է հասկանանք, որ նման նպատակ ուղղակի դրված չէ։ Այն, որ մեկուսացված անձինք կան հարևանությամբ, կամ քարտեզներ են հրապարակվում, մանավանդ որ, տեսանք, թե ինչ որակի քարտեզներ են և ինչ են իրենցից ներկայացնում, բնականաբար, դրանից որևէ բան հասկանալի չէ։ Կարծեք թե սա հերթական խաղը, շոուն լինի՝ ցույց տալու, որ պետությունն իբրև թե ինչ-որ գործողություն է կատարում։ Իրականում այդ գործողություններով հերթական անգամ անձանց իրավունքները խախտվեցին, և պետությունն իր իրական գործառույթները կատարելու և վիրուսի դեմ պատշաճ պայքարելու փոխարեն՝ հերթական խաղն է սկսել։

Օրինակ՝ հիշենք ձեռնոցների պատմությունը, երբ մարդիկ ասում էին՝ դրանք կրելն ավելի վտանգավոր է, սակայն պետությունը պարտադրում էր ձեռնոցներ կրել, հետո իշխանության թիվ մեկ ներկայացուցիչն ասաց, որ իրենք նոր գիտելիքներ են ձեռք բերել, որոնց շնորհիվ  հասկացել են, որ դա ավելի վտանգավոր է։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ իշխանությունները կատարում են գործողություններ՝ ուղղակի չգիտակցելով, թե ինչ գործողություններ են անում»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Հարցին՝ քաղաքացիներն այս դեպքում ի՞նչ կարող են անել իրենց իրավունքը պաշտպանելու համար, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ այնպես է ստացվում, որ քաղաքացին ոչինչ անել չի կարող։

«Արտակարգ դրությամբ պայմանավորված, երբ հայտարարում էինք, որ դա ուղղակի միջոց է, որպեսզի հավաքների ազատությունը սահմանափակվի, կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է, և այժմ նույնիսկ այդ իրավունքից մարդիկ չեն կարող օգտվել, որպեսզի գոնե իրենց բողոքի ձայնը բարձրացնեն»,- հավելեց Լուսինե Սահակյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս