«Մարդու իրավունքների պաշտպանը թե՛ գրավոր, թե՛ բանավոր կարգով հայտարարության տեքստը նախապես համաձայնեցրել է պատգամավորի հետ». ՄԻՊ խոսնակ
Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի մամլո խոսնակ Նունե Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին ուղղված դիմումի պատասխանը, ըստ որի՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
«Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը:
⚠️Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
❗️Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- գրված էր ՄԻՊ պատասխանի մեջ:
Մեղադրանքների տարափ թափվեց ՄԻՊ Արման Թաթոյանի ու ընդհանուր առմամբ աշխատակազմի հասցեին այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան շատ օգտատերերի համար, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի էր թվացել այն հանգամանքը, թե ինչպես կարող է ԱԺ պատգամավորն այդքան անտեղյակ լինել օրենքներից ու ՄԻՊ գործառույթներից, և համացանցը ողողվել էր այդ թեմային առնչվող զավեշտալի գրառումներով ու մեկնաբանություններով:
Ի վերջո, ՄԻՊ խոսնակը մեկնաբանություններում հավելյալ պարզաբանում ներկայացրեց.
«Հարգելի՛ գործընկերներ, նախ նշեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը թե՛ գրավոր, թե՛ բանավոր կարգով հայտարարության տեքստը նախապես համաձայնեցրել է պատգամավորի հետ»,- գրել էր Նունե Հովսեփյանը, ապա հավելել, որ սկզբում պատգամավորը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին խնդրի վերաբերյալ, կրկին քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, և վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պատգամավորն այդ հարցով դիմի Ոստիկանություն, քանի որ խնդրի հասցեատերը Ոստիկանությունն է:
«Հատուկ պարզաբանումը դրված է, քանի որ վերջին շրջանում նկատվում է ակնհայտ իրազեկման կարիք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության վերաբերյալ. ԿՈՆԿՐԵՏ գործով պաշտոնյային քաղաքացուց պաշտպանելու կամ մասնավոր անձանց միջև հարաբերություններում նրանց պաշտպանելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի:
Պաշտպանի իրավասությունը ԿՈՆԿՐԵՏ գործերով տարածվում է պետության մարմինների գործողություններից կամ անգործությունից կամ որոշումներից քաղաքացուն պաշտպանելու վրա (հատուկ դեպքերում բացառություն են միայն հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները)»,- գրել էր ՄԻՊ խոսնակը:
Օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ «սկզբում պատգամավորը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին խնդրի վերաբերյալ» նախադասությունը, և արդյո՞ք խոսնակը նկատի ունի, որ պատգամավորը դիմել է ՄԻՊ-ին` ակնկալելով, որ գրասենյակը պատասխանատվության կենթարկի՞ տվյալ անձանց, Նունե Հովսեփյանը պատասխանել էր՝ այո:
«Հետո քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ, եթե պատգամավորը միանգամից կոնկրետ հարցով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և ակնկալում է Պաշտպանի գործողությունները, օրենքի իմաստով դա նշանակում է, որ կա՛մ պատգամավորը չի վստահում Ոստիկանությանը, կա՛մ դժգոհ է Ոստիկանության գործողություններից, կա՛մ ունի մտահոգություններ։ Քննարկման ժամանակ մանրամասն պարզաբանվել է ողջ իրավական մեխանիզմը, և պատգամավորը նշել է, որ որևէ դժգոհություն չունի Ոստիկանությունից, և, որ ինքը կդիմի Ոստիկանություն»,- եզրափակել էր ՄԻՊ խոսնակը: