«Գազպրոմ-Արմենիա»-ի 1000 աշխատակից կկրճատվի, աշխատավարձերը կնվազեցնեն. Հրանտ Թադևոսյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա քննարկման ընթացքում ներկայացրեց գազի սակագնի որոշման մեթոդը, ինչպես նաև՝ ինչն է հիմք հանդիսացել հաշվարկների համար։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի հաշվարկներով՝ գազի մատակարարման անհրաժեշտ հասույթը տարեկան կազմում է 234.6 մլրդ դրամ, մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմն անհրաժեշտ և հիմնավորված է համարել 221 մլրդ դրամ մեծությունը։ Հաշվի է առնվել ներկրվող գազի արժեքը, աշխատավարձային ֆոնդը, բարենորոգումները, նյութական ծախսերը և այլն։ Թե՛ հանձնաժողովի, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվարկներով՝ գազի արժեքը 173 մլրդ դրամի շրջանակներում է։
Կատարած հաշվարկների համար երկրորդ էական գործոնն աշխատավարձի հաշվարկն է, որը, ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի, պետք է կազմի 18.9 մլրդ դրամ` 6 954 աշխատողների համար, որոնց միջին աշխատավարձը ամսական կկազմի 227 հազար դրամ։ Մինչդեռ հանձնաժողովը համարում է, որ պետք է ծախսերն օպտիմալացվեն՝ աշխատակիցների քանակը կրճատելով և դարձնելով 5 383, որոնց միջին աշխատավարձը 227 հազար դրամ մակարդակում պահպանելու պարագայում աշխատավարձային ֆոնդը կկազմի 14.7 մլրդ դրամ։
«Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ-ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ հանձնաժողովի առաջարկած հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար, և ոչ թե ինքը կամ մյուսն են այդպես ուզում, այլ դա պահանջում է տեխնիկական կանոնակարգը։
«Այսինքն, մենք հուլիսի 19-ին պետք է 1000 աշխատող կրճատենք, նորմատիվից 2000 պակասով էլ աշխատենք, որը բարդություն է իրենից ներկայացնում։ Եվ դրա հետ միասին՝ նաև ընթացիկ շահագործման հետ կապված հումք նյութերն են պակասում 50 տոկոսով՝ 8 միլիարդից դարձել է 4 միլիարդ։ Հիմա հարց է՝ ո՞ր 1000 հոգուն կրճատեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությանը՝ իր աշխատավարձը նվազեցնելու համար, որպեսզի զգա այն բեռը, որ կրելու են մյուսները։
«Պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանի։ 10 հոգին, ովքեր նույնպես բարձր աշխատավարձ են ստանում, իմ հրամանով նրանց աշխատավարձը նվազեցվելու է։ Առաջին մեծաքանակ կրճատումը, որ տեսնում եմ 1000-ի մեջ՝ դրանք հսկիչներն են։ Այսօրվա դրությամբ նորմատիվից պակաս հսկիչ ունենք։ Աշխատանքը պետք է բաշխեմ, որ տեսնենք, թե ինչ կստացվի»,- մանրամասնեց Հրանտ Թադևոսյանը։
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ բոլորի աշխատավարձն է նվազեցվելու։
Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով է նախատեսվում: