Բաժիններ՝

Կառավարությունը պետք է ասի, թե ինչո՞ւ են այս մասնագիտություններն ընտրվել․ Կրթության փորձագետը՝ կառավարության հաստատած ցանկի մասին

ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ՝ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

ՀՀ կառավարությունը հունիսի 18-ի նիստում հաստատեց Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։

Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկ է ստացվել ցանկը համալրել ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտություններով։ Մինչև ստորագրվելը կքննարկվի նաև ցանկն այս մասնագիտություններով համալրելու հարցը։

«Այդ օրենքը երբ մեջտեղ եկավ, նախատեսվում էր կրթական բոլոր օղակների համար։ Տարբեր քննարկումներ եղան, և պետք է ասեմ՝ ի պատիվ Սիսակ Գաբրիելյանի, նաև իմ տեսակետը հաշվի առան, նախարարության հետ էլ քննարկումներ եղան, որոշվեց, որ գոնե դա բակալավրիատում չարվի, որովհետև, եթե  դա արվեր, ուսանողը, ով 5 օր պետք է գնար դասի, բոլորը կարող է սկսեին աշխատել, ինչ-որ տեղեր գրանցվել, և այլն, ու մեծ վնաս կլիներ։ Բայց մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պարագայում որոշումը շատ խելամիտ է, որովհետև մագիստրատուրայում ուսանողն ամեն օր չի գնում դասի, շաբաթը 2-3 օր է գնում, հետևաբար` ինքը կարող է հանգիստ աշխատել․ նույնը՝ ասպիրանտուրայի դեպքում։ Իհարկե, շատ լավ կլիներ՝ աջակցեին մասնագիտությամբ աշխատողներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ սա համալսարանների համար շատ լավ լուծում է,  մագիստրատուրայում սովորողների թիվը կարող է աճել։

«Շատ մարդիկ, ովքեր աշխատում են՝ կարող են ասել՝ ինչո՞ւ եկամտահարկ տամ, գնամ ուսման վարձ տամ, մագիստրոսի աստիճան ստանամ։ Բայց վերջում մեկ որոշում կայացվեց, որը հիմա սուբյեկտիվության տեղ է թողնում․ որոշվեց, որ ոչ բոլոր մասնագիտություններով սովորողները կօգտվեն այդ արտոնությունից, իսկ թե որոնք կլինեն՝ դա կհաստատի ՀՀ կառավարությունը։

Երեկ այդ ցուցակը հաստատվեց։ Լավն այն էր, որ ճշգրիտ գիտություններին մեծ տեղ էր տրված։ Այսինքն, մեծ թվով մասնագիտություններ ստանում են այդ արտոնությունը։ Հումանիտար, սոցիալական գիտությունների հետ կապված՝ քիչ, ըստ էության, երկու մասնագիտություն էր ընտրված՝ մշակութաբանություն և սոցիոլոգիա։ Կավելացնեի ևս մեկը, որը հասարակագիտությունների մեջ չէ, դա սոցիալական աշխատանքն է։ Այս երեքն են։ Հիմա Կառավարությունը պետք է ասի, թե ինչո՞ւ են այս մասնագիտություններն ընտրվել։ Սոցիալական աշխատանքի դեպքում կարող եմ տրամաբանել, որ Հայաստանն այօր սոցիալական ոլորտում ռեֆորմներ է անում, և մեզ պետք  են սոցիալական աշխատանքներ։ Մշակութաբանության դեպքում գուցե մտածում են ԿԳՄՍ համար կադրերի պատրաստմանն աջակցել․․․։  Պետք է սա բացատրվի, քանի որ, եթե այդքան մեծ թվով սոցիալական գիտություններից ընդամենը երկուսն ես ընտրել, ուրեմն պետք է ասվի, թե ինչու։ Ի դեպ, եթե ես ուզում եմ դառնալ որևէ առարկայի ուսուցիչ՝ այդ արտոնությունից չեմ կարող օգտվել։ Գուցե ընտրել են այնպիսի մասնագիտություններ, որտեղ սովորողները քիչ են․․․ այս ամենը ենթադրություն է, բայց ճիշտ կլինի՝ համոզիչ հիմնավորում տրվի։ Շատերը կարծում են, որ խրախուսում պետք է լինի նաև հայոց, լեզվի,  հայ գրականության, հայոց պատմության, կովկասագիտության դեպքում»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Հավելենք, որ հարցում էինք ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է նախարարությունը կազմել այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում եկամտային հարկի հաշվին կփոխհատուցվի ուսման վարձը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար: Ինչպե՞ս է որոշվել, որ, օրինակ, «արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողները պետք է օգտվեն նման արտոնությունից, իսկ «հայոց պատմություն», «հայոց լեզու», «հայ գրականություն» կամ հայագիտական մյուս մասնագիտություններով սովորող ուսանողները` ոչ:

ԿԳՄՍՆ-ից մեզ պատասխանեցին, որ առաջիկայում հանդես են գալու պարզաբանմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս