Ընկեր, քավոր, համակուրսեցի լինելը խնդիր չէ. ԲԴԽ երկու անդամների ինքնաբացարկի միջնորդությունները մերժվեցին
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կսկսվի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
ԲԴԽ նիստերի դահլիճում են ԲԴԽ անդամները, կարգապահական վարույթ հարուցած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու վերջինիս ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նիստի սկզբում ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց ու ներկայացրեց դրա հիմքերը, այն է՝ Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է 1992 թ.-ից, ինչպես նաև ինքը հանդիսանում է վերջինիս կրտսեր որդու մկրտության քավորը:
Մեսրոպ Մակյանը նշեց, որ այս փաստերը հայտնի են իրավաբանական հանրությանը:
Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ինքնաբացարկի հիմքերն առկա են, իսկ Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ սա դատական վարույթում գտնվող գործ չէ, և հիմքեր չկան ինքնաբացարկ հայտնելու:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու ինքնաբացարկի մասով: Քիչ անց հայտնեցին, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց, որից հետո ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կարդաց կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության տեքստը, ապա զուգահեռներ տարավ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ ԲԴԽ անդամների կարծիքի հետ:
Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ իր և այս գործերում առկա են նմանություններ, և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իր մասով վարույթը կասեցված է և ուղարկված Սահմանադրական դատարան, և ինքը կարծում է, որ ճիշտ չէ, որ ինքը ներկա գտնվի այս վարույթին: Բացի դրանից, ՀՔԾ պետն իր ընկերն ու համակուրսեցին է:
«Ես ամենայն պատասխանատվությամբ կողմերին հայտնում եմ, որ ունեմ բավարար հասունություն ու կամք՝ վեր կանգնել թե ընկերական զգացմունքներից, թե այլ հանգամանքներից, սակայն հաշվի առնելով, որ արդարադատությունը պետք է նաև ընկալելի ու տեսանելի լինի արդարադատություն իրականացնելու առումով, հետևաբար՝ ես հայտնում եմ ինքնաբացարկ»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը հայտնեց նույն դիրքորոշումը, ինչ Մեսրոպ Մակյանի դեպքում:
ԲԴԽ-ն կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ և քիչ անց վերադառնալով՝ հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:
Հայտարարվեց ընդմիջում:
Մանրամասները՝ տեսանյութում