«Իշխանությունը հասկանում է, որ տանուլ է տվել այն գաղափարական հենքը, որի վրա փորձում է կառուցել որոշակի կոնստրուկցիա». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպումներին, որի մասին խոսել է նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ հանդիպումների մասին իրենք վաղուց են իմացել:
Ըստ Արման Աբովյանի, Գագիկ Ծառուկյանը միշտ հանդիպումներ է ունեցել բոլոր այն մարդկանց հետ, որոնց հետ ճիշտ է համարել հանդիպելը:
«Մենք հո ռոբոտնե՞ր չենք: Դուք ասում եք, թե ներկայիս իշխանությունները Արթուր Վանեցյանին մեղադրում են հակահեղափոխական լինելու մեջ, տեսեք, թե մեզ ինչի մեջ են մեղադրում: Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ մեղադրանքները կլինեն շարունակական, որովհետև իշխանությունը հասկանում է, որ տանուլ է տվել այն գաղափարական հենքը, որի վրա փորձում է կառուցել որոշակի կոնստրուկցիա: Մենք ունենք խնդիր, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հիմնական նպատակն այն է, որ նպատակից շեղեն, հետևաբար՝ պետք է վերհիշել, թե այս ամենն ինչից սկսվեց»,- նշեց Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, այսօր ականատես են լինում, թե ինչպես է իշխանությունը հաստատուն քայլերով ձևավորում մի մթնոլորտ, որտեղ բոլորը կբղավեն «բռավո»:
Նա նաև հավելեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, չափազանց վտանգավոր է, քանի որ ամեն ինչ իրականում տանում է լիբերալ, նեոլիբերալ ֆաշիզմի, քանի որ դրա բոլոր տարրերն այսօր կան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում