«Իսկ կարո՞ղ է փոխվարչապետը զանգի ու էս միջնորդությունն էլ հետ վերցնեք, ինչպես Փաշինյանի դեպքում էր». Տիգրան Ուրիխնյանը՝ դատախազին

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև ծավալվեց հետևյալ երկխոսությունը.

Տիգրան Ուրիխանյան.- Հարգելի պարոն գլխավոր դատախազ, ես էլ եմ եղել այն մարդկանցից մեկը, որն 2 տարի առաջ ձեզ հարցրել է Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու առիթով միջնորդությամբ այստեղ ժամանելու հետ կապված: Երկար-բարակ պետք է դրա շուրջ հարց տայի, շատ կարճ եմ ասում, քանի որ արդեն մանրամասն շոշափվեց. իհարկե, հանցագործը պետք է պատժվի՝ ով ուզում է լինի, ինչ հանցագործություն ուզում է՝ արած լինի, եթե ընտրակաշառք է տվել, տվողները պետք է պատժվեն, եթե վերցնող է եղել, վերցնողներն էլ պետք է պատժվեն, բայց այստեղ մի լրիվ ուրիշ հարց կա, որը և՛ ձեզ եմ ուղղում, և դահլիճում գտնվող իմ հարգարժան գործընկերներին, ժողովուրդ ջան, կարող է հանկարծ մինչև մենք քվեարկենք, հանկարծ փոխվարչապետներից մեկը նամակ ուղարկի, էս մարդը հետ վերցնի իր միջնորդությունը: Չի կարող գլխավոր դատախազը, իսկ ինքն այստեղ դա խոստովանեց, քաղաքական որոշում կայացնել, այսինքն՝ օրենքն այն ժամանակ իր ասելով պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանին զրկեն և քրեորեն հետապնդեն, բայց ինքը չարեց դա, խախտեց օրենքը: Հիմա ես առաջարկում եմ՝ եկեք՝ դադարեցնենք այս գործընթացը, մեր հարգարժան, սիրելի Արթուր Դավթյանը թող հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա՝ բերի սիրով քննենք, լսենք, զրկենք, դատենք, բոլորին պատժենք: Հարգարժան պարոն Դավթյան, կանե՞ք, ընդունեք էլի սա, հիմա ո՞նց բռնեմ քվեարկեմ, հետո Ձեզ մի փոխվարչապետ գրի, դուք հանկարծ հետ վերցնեք:

Արթուր Դավթյան. – Հարցե՞ր

Տիգրան Ուրիխանյան. -Ասեք՝ կանե՞ք, թե՞ չէ:

Արթուր Դավթյան. – Ի՞նչը կանեմ:

Տիգրան Ուրիխանյան.- Հրաժարական կտա՞ք:

Արթուր Դավթյան.- Էնքան բան կանեմ, բայց ինչ կանեմ՝ օրենքով կանեմ: իսկ ցավում եմ, որ էդ ձեր մեջբերած գործընթացի ընթացքում իմ պարզաբանումները կարդացել և կներեք՝ չեք հասկացել: Այսքանը:

Տիգրան Ուրիխանյան. – Ասում եմ՝ ասում եք՝ փոխվարչապետը գրել է, դադարեցրել եք միջնորդությունս, հիմա օրենքո՞վ եք դադարեցրել, կամ դադարեցնելու ընթացակարգ ունեի՞ք, թե՞ փոխվարչապետի գրությամբ: Քաղաքական որոշո՞ւմ եք կայացրել: Հիմա, Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր էն ժամանակ, թե՞ հանցագործ չէր: Էս բանի մասին մտածեք, ախր, պատգամավորները բնավորություն ունեն, կարծես թե, հետո վարչապետ դառնալու: Ես չեմ քննարկում հարցը՝ ճիշտ է, թե չէ, դա հետո կքննարկենք, բայց Դուք մի անգամ արդեն հետ եք կանգնել: Հիմա ես Ձեզ հարցով առաջարկում եմ չանել սա, թող ուրիշը բերի՝ շարունակենք:

Արթուր Դավթյան. – Ձեր ասած կամ Ձեր կանխատեսումների համաձայն՝ ցանկացած պահի Ձեր հետ կխոսեմ նույն կերպ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս