Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել բռնաճնշումների մթնոլորտում. «Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության եւ ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջեւ ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների եւ խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:

Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչեւ ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն եւ հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:

Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական եւ քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի եւ անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:

«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել եւ ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»։

Տեսանյութեր

Լրահոս