«Ոչ միայն անթույլատրելի է, այլև բարոյապես արգելված է մարդկանց կոպտորեն մոտենալ և քաշքշել». Նարինե Դիլբարյան
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության, նրան ԱԱԾ հրավիրելու ու հարցաքննելու հետ կապված՝ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է հայտարարություն տարածել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
«Մենք արձանագրում ենք, որ համավարակի այս օրերին, մասնավորապես՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները, ՀՀ քաղաքական և հանրային կայունությունը բացարձակ արժեքներ են: Ուստի ցանկացած խնդիր, որը ծագում է իշխող ուժի և նրան ընդդիմություն հանդիսացող որևէ քաղաքական ուժի, խմբավորման կամ հանրային շրջանակի կողմից, պետք է կարգավորվի բացարձակապես իրավական հարթության վրա: Մենք մտահոգված ենք ուժի այն ոչ իրավաչափ կիրառումով, որն արձանագրվեց ոստիկանության կողմից: Համոզված եմ, որ ժողովրդի քվեն ստացած իշխանությունը պետք է առաջնորդվի ծագած խնդիրներն իրավական ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ, իսկ քաղաքական հարցերին՝ քաղաքական պատասխաններ հնչեցնելով»,- նշեց Նարինե Դիլբարյանը:
Նա ընդգծեց, որ արտակարգ դրության ժամանակ հանրապետության վարչապետի հրաժարականը որևէ քաղաքական ուժ չի կարող պահանջել, ուստի կարծում է, որ իշխանությունն այս ժամանակահատվածը կարող է օգտագործել իրեն ուղղված քննադատությունների առարկա խնդիրները հանգուցալուծելու, առավել արդյունավետ աշխատելու համար: Հետևաբար, եթե խնդիրները լուծվեն, ապա քննադատությունը կտեղափոխվի այլ հարթություն:
Անդրադառնալով իրավապահների կողմից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Իվետա Տոնոյանի և ակցիայի այլ մասնակիցների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ ուժին՝ Նարինե Դիլբարյանն ասաց, որ այդ ամենն անթույլատրելի է:
«Որպես կին, ՀՀ քաղաքացի՝ անկեղծ զարմացած եմ, որ բազմաթիվ կադրային փոփոխություններ ապրող ՀՀ ոստիկական համակարգի իրավապահները բոլորովին չեն փոխում քաղաքացիների հետ իրենց շփման ձևը, որը հիմնված է կոպիտ ուժի վրա, ընդ որում, ոչ իրավաչափ ուժի: Եթե մարդիկ պահպանում են սոցիալական հեռավորությունը, կրում են դիմակներ և եկել են արտահայտելու իրենց դիրքորոշումը, ապա ոչ միայն անթույլատրելի է, այլև բարոյապես արգելված է մարդկանց կոպտորեն մոտենալ և քաշքշել: Համոզված եմ, որ նման դեպքերը մեր հանրության կողմից արձագանք պետք է գտնեն, և բռնությունը պետք է դուրս մղվի հարցեր լուծելու գործիքակազմից»,- եզրափակեց նա: