ԱԱԾ խուզարկությունից մինչև վարչական ձերբակալություններ. Օրվա քրոնիկան

9:30 Վաղ առավոտից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու ընդունելությունների տանը: Նա ասաց, որ իրենց թույլ չեն տալիս մտնել խուզարկության տարածք, սակայն լսել են, որ փնտրում են ինչ-որ փաստաթղթեր` 2017թ.-ին իրենց ցուցակով առաջադրված Վազգեն Պողոսյանի գումարային շարժերի հետ կապված:

10:00 Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների հետ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ: Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում:

Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաև թվով 12 որսորդական և այլ զենքերը (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք բոլորը օրինական են եղել և համապատասխան փաստաթղթերով:

12:49  ԱԱԾ գնալուց առաջ իր առանձնատան առջև հավաքված լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ես պատրաստ եմ. նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը տեղին՝ բոլոր ոլորտներում»:

 

Նա նաև հայտարարություն արեց: «Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- իր առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի տանն ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է ամեն ինչին․ «2015թ․ ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել․ ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ամենակարևորը՝ ով ինչ խոսք է ասել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի։ 2 տարի ոչ մի բան․․․ բոլորը ձախողված է։ Ասել եմ, որ այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, անփորձ են, և այսօր բոլորը ձախողված է։ Այսօր ամեն օր ի վնաս է ժողովրդին, պետությանը՝ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական․․․ Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում է, մարտին ես եմ ասել, որ աշխատանքը չեմ գնահատում, այսօր լիարժեք պետք է աշխատանք կատարել։ Մարզերում մինչև այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեն, տեսնեն, ընդունեն, գոնե իմանան՝ ով ով է, այլ լիարժեք այսօր մարզերում սաղ ժողովուրդը շփվում են, սաղ տարածվում է, էսօր երևանում սաղ մասկա դրեք, թե չէ՝ տուգանում են։ Էսօր, նորից եմ ասում՝ ժողովրդի մեծամասնությունը վարակված է, պետք է լուրջ քայլ կատարել, թեստավորել բոլորին, առանձնացնել, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում՝ դա անփորձության նշան է»։

14:11 «Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը և դիտարկվել: Այս գործողությունների հետևում ընկած  է այդ հարցը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների, հարցաքննման և խուզարկման  մասին:

«Մեր հայտնի նիստի հայտարարությունից հետո մեր բոլոր ընտրատեղամասերում և հատկապես Գեղարքունիքի մարզում բոլորի տները մտել են լուսադեմին և խուզարկել, թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել, առգրավվել են անգամ երեխաների հեռախոսները: Չգիտեմ՝ ինչ հիմք են ունեցել, միայն դատարանի թուղթ են ներկայացրել: Սա քաղաքական հետապնդում է»,- ասաց նա:

14:35 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ական պատգամավորների փողոց փակելու և նստացույց անելու ակցիան որակեց՝ որպես  քաղաքական ակցիա, ժողովրդի պատասխան՝ երկրում տեղի ունեցողին։  Նա նշեց, որ պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը։ «Ոստիկանությանն էլ կոչ ենք անում չտրվել սադրանքների, այս ամենը ժամանակավոր բնույթ է ունենալու»,- ասաց Էնֆիաջյանը։

14:40 Ինչպես դեպքի վայրից հայտնում է 168․am-ի լրագրողը, պատգամավորները փորձում էին  նստացույց անել և փակել Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկը, սակայն ոստիկանները ուժ գործադրեցին և թույլ չտվեցին, որպեսզի այդ ակցիան կայանա։ Որոշ պատգամավորներ անգամ վնասվածքներ են ստացել։ Շարունակում են  տարբեր կողմերից բերման ենթարկել քաղաքացիների։

14:45 Ոստիկաներրը փորձում են զրուցել պատգամավորների հետ։ Ոստիկանությունը  զգուշացրեց, որ երկրում արտակարգ դրության պայմաններում հավաքների անցկացումն արգելված է, ուստի, եթե ոստիկանության օրինական պահանջները չկատարվեն,  կիրականացնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Ոստիկանության հարյուրավոր ուժեր են կենտրոնացված ԱԱԾ շենքի մոտ։

 

14:50 ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց` այլևս բռնապետական հասարակարգում ենք ապրում։

«Ես, համենայնդեպս, նման նախադեպ չեմ հիշում, որ որևէ իշխանության օրոք կին պատգամավորներին շպրտեն գետնին ու քարշ տան, ես նման բան չեմ հիշում։ Բոլորս էլ ունենք փայլուն հիշողություն, մի հատ փորձենք վերհիշել, որևէ իշխանության օրոք նման բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Կին պատգամավորներին շպրտում են գետնին ու քարշ են տալիս ոստիկանները։ Սա իմ մասին է, իմ գործընկերների մասին է, Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Կարինե Պողոսյանի։ Մենք ակցիա էինք իրականացնում, մենք ակցիա էինք անում՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով»,- ասաց Տոնոյանը։

14:55 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասաց, որ ինքն ու իր գործընկերները երկար տարիներ, լինելով «Հայկական ժամանակ» (ՀԺ) թերթի լրագրող, պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի ռեժիմից ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, «ահա այս սև լենտերը կապած մեր դեմքերին, նախագահականի դիմաց անում էինք բողոքի ակցիա»։ «Այսօր էլ, բողոքելով քաղաքական հաշվեհարդարների և  ռեպրեսիաների դեմ, ես և իմ գործընկերները պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ նույն այս սև ժապավեններով փակել ենք մեր բերանը, որը խորհրդանշում է, որ մեզ չեք լռեցնելու, բոլորիս կարող եք գալ ԱԺ-ում զրկել անձեռնմխելիությունից։ Մենք հասկացանք, որ կարող եք բոլորիս վրա քրեական գործ հարուցել, նույնիսկ նրանց վրա, ում դեպքում սյուրռեալիստական ու ֆուտուրիստական է մտածելը քրեական գործ հարուցելու մասին։ Չի անցնելու, չի ստացվելու։ Մենք մնալու ենք այստեղ այնքան, մինչև մեր երկրում չհաստատենք օրենքի և օրինականության դիկտատուրա»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Իվետա Տոնոյանն էլ տեղեկացրեց, որ ԱԱԾ շենքում ԲՀԿ առաջնորդին ուղեկցում է փաստաբանական խումբը։ Թե ովքեր են փաստաբանները, Տոնոյանը անուններ չնշեց։

15:05 ԱԱԾ շենքի մոտ հավաքված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներից ոմանց ոստիկանները շարունակում են բերման ենթարկել, ինչը միջադեպերի պատճառ է դառնում քաղաքացիների և ոստիկանների միջև։

15:09 ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ այս իշխանության համար գոյություն չունի օրենք, ՀՀ Ոստիկանությունը բոլոր սահմաններն անցել է։ «Ինչո՞ւ դա չէին անում մինչև պարոն Ծառուկյանի հայտարարությունը։ Հասկանում եմ, թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ։

Շինծու մեղադրանքներ հետագայում էլ սպասում ենք, առավել ճնշումներ՝ ևս։ Եթե պատրաստվում են զրկել անձեռնմխելիությունից, ես անձամբ և մեր պատգամավորները պատրաստ են ևս բոլոր այդ ճնշումներին ենթարկվել»,- ասաց Արման Աբովյանը՝ շարունակելով, որ իրենց ակցիան ի պաշտպան Գագիկ Ծառուկյանի է, ի պաշտպան ժողովրդի իրավունքների։ Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ոչ մի բան չեն կազմակերպել, այլ մարդիկ իրենց կամքով են եկել։

 

15:20 Իրադարձությունների կիզակետում՝ ԱԱԾ շենքի մոտ աշխատող 168․am-ի լրագրողը տեղեկացնում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մնալ ԱԱԾ շենքի մոտ, այստեղ են հավաքված բազմաթիվ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Շարունակվում է նրա  հարցաքննությունը, նա ԱԱԾ շենքում է։

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչն  այն հարցին, թե  ինչո՞ւ  է պատգամավոր  բերման ենթարկել, պատասխանել է, որ  իրենք պարզապես նրան հավաքի վայրից հեռացրել են։ Խոսքը Ջանիբեկ Հայրապետյանի մասին է։

 

Հավելենք նաև, որ 91 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանության բաժանմունքներ։

15:25 Հայտնի  դարձավ  նաև, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը  հայտարարություն է տարածել, ՀՀ իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, ինչպեսև նրա հարցաքննությունն ԱԱԾ շենքում որակելով՝ որպես  պատասխան ԲՀԿ նախագահի վերջին ելույթի։

15:36  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  իրենք  պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին։

Նա նշեց, որ մամուլից են տեղեկացել նաև, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու քաղաքական որոշում կա, ուստի դրան ևս պատրաստ են։

«Հնարավոր է՝ Դատախազը միջնորդի զրկելու անձեռնմխելիությունից, պատրաստ ենք, որպեսզի  բոլոր պատգամավորներին միջնորդություն ներկայացնեն, այս իշխանությունը կարող է բոլորիս սյուրռեալիստական և ֆուտուրիստական  գործերով մեղադրանք ներկայացնել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, թե  չի կարծում, որ ԱԺ նիստը բոյկոտելը կլինի լավագույն տարբերակը։ Պատգամավորն ասաց, որ ցանկացած ամբիոն, հարթակ օգտագործելու են՝ աշխատանքային և գործընկերային հարաբերությունները, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու տեղի ունեցածի վրա։ «Որպես ԲՀԿ  խմբակցության գլխավոր քարտուղար՝ առավոտյան արդեն  գրավոր դիմել եմ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերություններին՝ ՀՀ-ում հավատարմագրված  բոլոր դեսպաններին ներկայացնելով իրավիճակը և նշելով, որ այս իշխանությունը, ինչպես  նախորդները, չի հանդուրժում քաղաքական  այլակարծությունը և ընդդիմախոսների բերանը փորձում է փակել  քաղաքական և իրավական կեղծ ու շինծու  գործերով»,- ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով, որ, երբ գործ էին «կարում» նախկինները, գոնե  շատ ավելի գրագետ  իրավախորհրդատուներ ունեին, քան  ներկայիս իշխանությունները։

Նրա համոզմամբ՝ գոնե նախկինները փորձում էին  իրենց «կարած»  խայտառակ իրավական գոր

ծերին  քչից-շատից իրավական հիմնավորում տալ։

«Այնպիսի սյուրռեալիստական և  ֆուտուրիստական ծիծաղելի հիմնավորումներ են, որ ես չլինելով իրավաբան՝ ուղղակի ասում եմ՝  փոխեք Ձեր իրավախորհրդատուներին»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հստակեցրեց, որ որևէ  քաղաքացու իրենք երկրում արտակարգ դրության պայմաններում  դուրս չեն հանել։ «Ես կարող եմ հեռախոսս  ցույց տալ, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ինձ, թե ինչու կոչով հանդես չեմ գալիս՝ բոլորին հավաքվել այստեղ։ Ես ասել եմ, որ  մենք առաջնորդվելու ենք բացառապես ՀՀ օրենքով»,- ասաց Զոհրաբյանը։

15:45 Պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ այս պայքարն արդարության  համար պայքար է,  ամեն մեկի, ամեն քաղաքացու համար պայքար է։  «Եթե մեզ հետ են այսպես վերաբերվում, վաղը ձեզ են այսպես վերաբերվելու։ Արդեն վերաբերվել են։ Ես գիտեմ՝ ինչ դժվար է, երբ մարդ հիասթափվում է։ Խոսքը գնում է այն հիասթափության մասին, երբ մարդիկ երկու տարի առաջ դուրս եկան  և սրանց բերեցին՝ հավատալով, բոլորս էլ հավատում էինք, ի՞նչ ստացանք, տասնյակ  մահեր օրական՝ կորոնավիրուսից։ Հարյուրավոր հիվանդներ,  տապալված տնտեսություն, փչացած  հարաբերություններ գրեթե բոլոր գործընկերների և դաշնակիցների հետ»,- ասաց Աբովյանը։

15:47 Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ գիշերն ԱԱԾ շենքի մոտ են լինելու։

«Հերթափոխով կմնանք, չենք լքելու մեր դիրքերը։ Սա էլ հաշվեք մեր խրամատը, այստեղ ենք լինելու, մեր պայքարը խոսքի իրավունքի համար է։ Մենք պետք է պայքարենք»,- ասաց Զոհրաբյանը։

16:06 ԱԱԾ շենքի մոտ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչները կրկին սկսեցին բերման ենթարկել Գագիկ Ծառուկյանի աջակիցներին և ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին՝ մինչ այդ անընդհատ հորդորելով լքել տարածքը։ Լրագրողներին թույլ չի տրվում ավելի մոտենալ։ Միայն լսվում են գոռոցներ, ձայներ, գործողություններն իրականացնում են կարմիրբերետավորները։ Բերման ենթարկված քաղաքացիների թիվը, ամենայն հավանականությամբ, անցել է 100-ը։

16:12 ԱԱԾ շենքի մոտ ՀՀ ոստիկանությունը շրջափակել է հավաքված ԲՀԿ պատգամավորներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Իվետա Տոնոյանին, Արման Աբովյանին, Գևորգ Պետրոսյանին։ Զուգահեռաբար ոստիկանական ուժերը շարունակում են քաղաքացիներին բերման ենթարկել։

16:32 «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության պատգամավորները տարբեր ոստիկանական բաժանմունքներում են։

«Իմ մանդատը դա թույլ չի տալիս, բայց իմ մանդատը թույլ է տալիս ինձ այստեղ գտնվել՝ որպես ՀՀ քաղաքացի, ով մտահոգ է այս իրադարձություններով, և ասելու, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ իմ գործընկերների նկատմամբ. ավագանու անդամներն են բերման ենթարկվել, ուստի իմ պարտքն եմ համարում գտնվել այստեղ։ Իսկ գործընթացի քաղաքական մասով մեր կուսակցությունը քաղաքական գնահատական կտա, եթե իրավական պրոցեսներում կա քաղաքական մասնակցություն, մենք կզատենք, կասենք, թե որ մասն է իրավական, որը՝ քաղաքական, բայց այն, ինչ այսօր իրականացվում է բռնության տեսքով, ոստիկանական ուժի կիրառման տեսքով, դատապարտելի է, և դա իշխանություններն անում են արտակարգ դրության պահից ելնելով, ըստ էության օգտագործում են դա՝ որպես ճնշման գործիք»,- ասաց Խաժակյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս