«Վարկանիշը չափազանց ցածր է իջել՝ 20 տոկոս և, բնականաբար, իշխանությունը պահելու համար մնում է ուժ կիրառելը». Ստեփան Դանիելյան
«Գործող իշխանությունն իր իշխանությունը կարողանում է պահել ուժի միջոցով, ինչը երկու տարի առաջ անհնարին էր թվում, որովհետև հասարակության մեծ մասը աջակցում էր այս իշխանությանը: Հիմա վարկանիշը չափազանց ցած է իջել, մոտավորապես, ըստ որոշ տվյալների, 20 տոկոս և, բնականաբար, իշխանությունը պահելու համար մնում է ուժ կիրառելը» ,- 168.am-ի խնդրանքով ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի առջև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների հանդեպ կիրառվող ոստիկանական ուժին: Քաղաքագետի համոզմամբ՝ իշխանությունը պահելու միակ երաշխիքն այսօր ուժի կիրառումն է.
«Ոչ մի ռեֆորմ չկարողացան իրականացնել, բոլոր խոստումները, որոնք տվել էին, այսօր չի կատարվել, հանրությունը տրոհված է, և տրոհումը գնալով ուժեղանում է, Արցախի հարցում շատ լուրջ խնդիրներ կան, գուցե մի օր այդ ամբողջը կբացվի, թե ինչեր են կատարվել, միջազգային հարաբերություններում, ըստ էության, ոչ մի բարելավում չկա՝ հակառակը՝ մեր բոլոր դաշնակիցների հետ բարդ հարաբերություններ են, տնտեսական վիճակը, համաճարակը…, և այս պայմաններում իշխանությունը դիմում է ուժի, որպեսզի կառավարության հրաժարականի պահանջները չուժգնանան»:
Հարցին՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հանդեպ այս կիրառվող մեթոդները, հարուցված քրեական գործերը կկարողանան ճնշել կուսակցության հետագա գործունեությունը, պահանջներն իշխանություններից, մեր զրոււցակիցն պատասխանեց.
«Խնդիրն այն է, որ դժգոհություններն ավելի լայն են և չեն սահմանափակվում այս կուսակցությունով. Հիմա արդեն քաղաքական ուժերի համախմբում է սկսվել և դրա միավորներից մեկն է ընդամենը «Բարգավաճ Հայաստանը»»: