![](/banners/BeFunky-design.jpg)
«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Vanecyan.jpeg)
Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:
ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում գնահատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ԱԱԾ-ի կատարված քննչական գործողությունները:
«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը»,- նշված է հայտարարության մեջ:
Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ վերջինս հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:
«Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է»,- պնդում են «Հայրենիքի» ղեկավարները և դատապարտում Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»:
Վանեցյանի կուսակցությունում համոզված են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է ու ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը: