«Տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան ուր է հասնում». Գևորգ Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը ԱԱԾ-ի գործողությունների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ինչ-որ գործողություններ են իրականացնում:

«ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ծառուկյանի տան տարածքը, ներսում ինչ-որ խուզարկություն է ընթանում: Դեռ այստեղ ենք, սպասենք` տեսնենք, թե այս գործողությունն ինչով կավարտվի»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից  գտնվում են  ԲՀԿ առաջնորդ, Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ իրականացնում են խուզարկություն:

Հիշեցնենք  որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունը երկու տարիների ընթացքում չի օգտագործել իրեն տված հնարավորությունը, հետևաբար ձախողել է և 100 տոկոսով պետք է փոխվի:

Հարցին՝ մի քանի օր է` մամուլում լուրեր են շրջանառվում, որ նախատեսված է Գագիկ Ծառուկյանի կամ նրա որդու ձերբակալությունը, նման բան կանախատեսե՞լ են, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, գուշակություն չանեմ, սպասենք իրավապահների գործողությունների ավարտին, տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան ուր է հասնում»:

Պատգամավորն այլ հարցերի չպատասխանեց, հորդորեց սպասել իրավապահների գործողությունների ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս