Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու նպատակով Ճապոնիան կդիմի բջջային հավելվածի օգնությանը

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը մտադիր է կիրառել մի հավելված, որը հնարավորություն կտա բացահայտել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների շրջանակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եթե մարդիկ մեկ մետր հեռավորությունից ավելի մոտ լինեն միմյանց 15 րոպե, սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը կարող է սքանավորել նմանատիպ հավելվածները, որոնք ներբեռնված են այլ սմարթֆոններում:

Հետագայում, եթե այդ անձանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, և տվյալ անհատը դա նշի հավելվածում, ապա այն բոլոր մարդիկ, որոնք հաղորդակցվել են նրա հետ 14 օրվա ընթացքում հնարավոր վարակվածության մասին ծանուցում կստանան:

Մարդու անձնական կյանքի իրավունքը պահպանելու նպատակով բոլոր օգտատերերը միմյանց անհայտ կմնան: Եթե նրանցից որևէ մեկի մոտ մրսածության ախտանիշներ դրսևորվեն, հավելվածը նրա համար կընտրի մոտակայքում գտնվող մասնագիտացված բժշկական հաստատությունը:

Բացի այդ, Ճապոնիայում տարածում է գտնում QR-կոդի միջոցով վարակի մասին ծանուցում տարածելը: Այդ նորարարական նախաձեռնությանն աջակցել է Օսակա պրեֆեկտուրան: Հիմա այդ փորձը կիրառվում է Տոկիոյում և այլ քաղաքներում: Յուրաքանչյուր թանգարանի, ռեստորանի և այլ հաստատության տրվում է սեփական կոդը: Այցելուն այն սքանավորում է սմարթֆոնում և գրանցում է իր էլեկտրոնային փոստի հասցեն: Եթե պարզվում է, որ նրա հետ միևնույն ժամանակ տվյալ հաստատությունում կորոնավիրուսով վարակված մարդ է եղել, նա այդ մասին ծանուցում է ստանում իր էլեկտրոնային փոստին:

Այս համակարգն աշխատում է կամավորական սկզբունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս