Աշխարհը պիտի՛ ավելի լավը դառնա կամ համավարակի դասերը

Ինչո՞վ է լցված մեր կյանքը։ Մեր կյանքում հոգու համար տեղ կա՞։ Ունա՞կ ենք լսելու կամ տեսնելու։ Մենք մենակ մնալ գիտե՞նք, թե սրտնեղում ենք դրանից ու ձանձրանում։ Մենք երջանի՞կ ենք, սիրո՞ւմ ենք մեր աշխատանքը, գո՞հ ենք մեր առօրյայից։ Մենք հույս ունե՞նք։ Իսկ սե՞ր, այն աստվածաշնչյանից ու անանձնականից, թե․․․ Դեռևս ամիսներ առաջ մեզնից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ ամբողջ աշխարհը կբախվի այնպիսի մեծամասշտաբ խնդրի, ինչպիսին նոր համավարակն է։ Մինչև վերջինիս բռնկումը յուրաքանչյուրս զբաղված էինք սեփական կյանքով ու առօրյա խնդիրներով, մեծ ու կարևոր բաների մասին խորհելն էլ հաճախ թողնում էինք վաղվան, ինչ-որ կարևոր հարցի լուծում հետաձգում էինք ինչքան կարող էինք ու լողում ամենօրյա կյանքի հորձանուտում։

Ստացվեց այնպես, որ աշխարհը բառացիորեն կանգ առավ։ Մի երևույթ, որը խելահեղ արագությամբ շարժվող մեր մոլորակի հետ վաղուց չէր պատահել։ Սա ենթադրում էր մի բան՝ մարդիկ ևս պիտի կանգ առնեին՝ փոխվեին, համակերպվեին, հարմարվեին և հարցեր տային իրենք իրենց։ Հիշում եմ առաջին օրերի տագնապը, որ նկատվում էր շատերի մոտ․ մարդիկ ստիպված էին ավելի երկար ժամանակ անցկացնել տանը՝ սեփական երեխաների հետ, կամ հակառակը՝ բոլորովին մենակ մենալ, զուրկ լինել այն սովորական զվարճանքներից, որոնցով լցված է ժամանակակից մարդու կյանքը։ Տարատեսակ վախերն ու անհանգստություններն ամենուր էին։ Ես ևս անմասն չէի այդ ամենից, բայց կատարվածի մեջ մի բան հիացնում էր ինձ՝ թուլացել էր խելագար շտապողականությունն ու մրցակցության ոգին։ Օրերով տանը փակված լինելը ստիպեց, որ ոմանք շատ աղոտ, մյուսները հստակ սկսեն հասկանալ՝ մարդկությունը մեծ ընտանիք է․ մենք տեսանելի և անտեսանելի թելերով կապված ենք միմյանց։

Սա հզոր ուղերձ էր և է ամբողջ մարդկությանը։ Մեզ, որ դեռ մանկուց սովորեցնում են մրցակցել, պայքարել, համեմատվել այլոց հետ․ նման մթնոլորտում դու չես կարող աշխարհի մի ուրիշ ծայրում ապրողին կամ թեկուզ քո հայրենակցին քեզ հարազատ համարել, որովհետև նա քո մրցակիցն է, նրա հաջողությունը քո պարտությունն է՝ ըստ այս աշխարհի օրենքի։ Իսկ վերջին ամիսներին կատարվածը ցույց տվեց, որ մենք մեկ ենք, բոլորս։ Համավարակը եկավ ապացուցելու ողջ մարդկությանը, որ մենք՝ անկախ մեր տարբերություններից, նույնն ենք և նույն նյութից ենք սարքված, նույնչափ փխրուն ենք և նույնքան խոցելի։

Այսօր ճգնաժամային իրավիճակը շարունակվում է ամբողջ աշխարհում․ մեծ է հավանականությունը, որ մեզ նորանոր և անշրջանցելի փորձություններ են սպասվում։ Ուստի անհրաժեշտություն կա, որ մեզնից յուրաքանչյուրը ներս նայի և ինքն իրեն տա կարևորագույն հարցերը․ սա՛ է ժամանակաշրջանի հրամայականը։

Անձամբ ես կարծում եմ, որ համավարակն ու դրանից բխող բոլոր խնդիրներն իրականում հնարավորություն են ավելի լավը դառնալու, շտկվելու, մաքրվելու, հոգեպես աճելու և դեպի հոգևորը վերադառնալու։ Կարծում եմ՝ ինձ հետ շատերը կհամաձայնեն։ Ցանկացած ճգնաժամ (հին հունարենով՝ κρίσις – որոշում, շրջադարձային կետ) հնարավորություն է իմաստնանալու, փորձով հարստանալու, դասեր քաղելու, աճ գրանցելու։ Այն, ինչ կատարվում է աշխարհում, չպիտի կոտրի կամ հուսահատեցնի մեզ, չպիտի դարձնի էլ ավելի անտարբեր ու անհաղորդ, չպիտի թունավորի մեզ ու մեր էությունը, հակառակը, պիտի մաքրի և ազնվացնի մեզ, ինչպես ոսկին է մաքրվում կրակի մեջ թրծվելիս։

Նրանք, ովքեր այս ճանապարհին զգում են Աստծո զորակցությունն ու ներկայությունը, օրհնված մարդիկ են։ Դրա համար հատուկ ոչինչ անել պետք չէ․ պետք է պարզապես ունենալ գիտակցություն, որ Տերը խոստացել է լինել մեզ հետ մինչև ժամանակների ավարտը։ Եվ Նա իսկապե՛ս մեզ հետ է, թակում է յուրաքանչյուրիս սրտի դուռը։ Այլ հարց է՝ ականջ ունե՞նք լսելու, աչք ունե՞նք տեսնելու։ Թե հիմա ևս շարունակ ավելի խորն ենք խրվում համընդհանուր ատելության, վախերի ու տագնապների ճահիճը։ Մարդը, որը զբաղված է քարեր նետելով, այլոց քննադատելով, ճիշտ ու սխալ անելով, չունի սիրտ՝ լսելու Աստծո ձայնը: Հիմա շատ է խոսվում այն մասին, որ աշխարհն առաջվանն այլևս չի լինի։ Սա հիմնականում ասվում է խիստ հոռետեսական համատեքստում։ Ես չեմ ուզում և չեմ կարող այդպես կարծել, այո՛, աշխարհն այլևս առաջվանը չի լինի, այն պիտի ավելի լա՛վ տեղ դառնա բոլորիս համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարդը սովորի աջակցել ոչ միայն հարազատին, այլ նաև օտարին, սովորի քարեր չնետել, ցավ չտալ այլոց՝ կծու ու չար խոսքով նաև, սովորի վստահել և հուսալ, կրթվել և կրթել, լույսը փնտրել, լույսին կից լինել ու լսել, լսել, լսե՛լ Աստծո ձայնը, որ հնչում է աշխարհի ամեն անկյունից՝ ձեզ հետ եմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։

Պատրաստեց՝ Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

Շողակն Արարատյան

Տեսանյութեր

Լրահոս