«Հայաստանը նմանվել է Ղովտի կնոջը՝ դարձել է աղի արձան և մնացել ճանապարհի մեջտեղում». Վահե Բեգոյան

«Խեղդվողը փրփուրներից է կախվում»,- արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ նման կարծիք ունի «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:

«Այս իրավիճակում, թերևս, ոչ թե արտակարգ դրությունը երկարաձգելն է ինձ համար անընդունելի, այլ բոլոր ոլորտները բաց պահելը. նման իրավիճակում պետք է կարանտինի շատ լուրջ խստացումներ լինեին: Եթե դրանք չկան, արտակարգ իրավիճակի երկարաձգումը անհեթեթ է և այլ նպատակներ է հետապնդում: Ավելի քաղաքական նպատակներ է հետապնդում՝ հնարավորություն չտալ մարդկանց հավաքվելու, իրենց ձայնը բարձրացնելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ այսօրվանից ամբողջ հանրապետությունում հակահամաճարակային կանոնները պահելու իրազեկում արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, ըստ Ձեզ՝ դա ավելի՞ արդյունավետ կլինի, նա պատասխանեց. «Դա ավելի նյարդայնացնող կլինի: Ես այդ ձայնից վաղուց եմ նյարդայնացել. մանավանդ քաղաքական գործչի պարագայում ձայնը պետք է լինի անհամեմատ ավելի հավասարակշիռ, հանգիստ և վստահություն ներշնչող»:

Նա ընդգծեց, որ 2018թ. ժողովուրդը փողոց էր դուրս եկել ոչ թե հանուն այս իշխանությունների, այլ ընդդեմ նախորդների. «Օրվա իշխանությունները մինչև այսօր սպառում են այդ ընդդեմի կուտակված պաշարը, ոչ թե հանունի, որովհետև, ըստ էության, հանուն չկա, ինչպես տեսանք»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս կառավարությանը բերել, նա ասաց, որ համաձայն է այն մոտեցման հետ, որ ժողովուրդն է մեղավոր, որ այս իշխանություններին բերել է իշխանության.

«Բայց ամեն հավաքական գոյական ժողովուրդ չէ, դրան ցանկացած տարբեր ածականներով կարելի է դիմել: Օրվա իշխանությունները պետք է օրինակ լինեին գոնե համաճարակի սկզբի ամիսներին՝ իրենց լրջությամբ, որը կանցներ նաև ժողովրդին: Բայց երբ ժողովուրդը տեսնում է անլուրջ, թեթև վերաբերմունք, կատակներ՝ պետական ամենաբարձր պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների կողմից, բնական է, որ իրենք էլ պետք է անցնեին այդ անլուրջ վերաբերմունքին: Իսկ ե՞րբ լրջություն տեսան, որ այն չընդօրինակեցին: Ժողովուրդը, այնուամենայնիվ, առաջնորդի կարիք ունեցող հավաքական միավոր է. ինչպիսին առաջնորդն է, այդպիսին է ժողովուրդը»:

Հարցին՝ 2018թ. ժողովրդի մասին ասում էին, որ ունի բարձր գիտակցություն, արագ ինքնակազմակերպվում է, և այլն, հիմա ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ ժողովուրդը չի լսում Նիկոլ Փաշինյանին, երբ նա ասում է, որ, օրինակ՝ ձեր իսկ անվտանգության համար պետք է դիմակ կրեք, նա պատասխանեց.

«Որովհետև ամենաապաշնորհ ձևով այդ ժողովրդի վստահությունը մարդիկ 2 տարում մսխեցին: Իրենք անում են ճիշտ նույն սխալները, որոնք անում էին հանրապետականները՝ իրենց իշխանության վերջին տարիներին, երբ բացարձակ կտրված էին իրականությունից, ադեկվատ չէին գնահատում իրականությունը և լսում էին այն, ինչ իրենց հաճելի էր լսել: Երկու տարում իրենք պահում են այնպես, ինչպես հանրապետականները՝ 10 տարում, և դրա հետևանքները, անշուշտ, լինելու են: Ժողովրդի մոտ արդեն հակակրանք կա այս իշխանությունների նկատմամբ»:

Վահե Բեգոյանի կարծիքով՝ այս իշխանությունների համար հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան հանրապետականների համար եղան. «Հանրապետականները իրենց երբեք մեսիա չէին ներկայացնում, և հուսախաբության աստիճանն ավելի ծանր չէր, ինչը որ լինելու է: Բնականաբար, այն, ինչ լինի, լինելու է ավելի ծանր, ավելի վատ, և չեմ կարծում, թե կհեռանան՝ ինչպես նախկին իշխանությունները»:

Նրա դիտարկմամբ՝ եկած օրվանից գործող իշխանությունները թիրախավորել են Հայ Առաքելական եկեղեցին.

«Թե ինչով է դա պայմանավորված, դժվարանում եմ ասել, բայց դա սխալ, անհեռանկարային և փակուղի տանող ճանապարհ է, որովհետև եկեղեցին կարող է լինել շատ համբերատար, սադրանքների չտրվող, անհամեմատ ավելի խոհեմ և հեռատես: Չմոռանանք, որ դա մեր միակ ազգային ինստիտուտն է, որ անխափան 2000 տարի կա, և այսպիսի՞ բաներ է տեսել: Եկեղեցին գիտի իր անելիքը, բայց պետք է հասկանան, որ դա իրենց վնասելու է՝ առանց եկեղեցու որևէ մասնակցության կամ որևէ հակահարվածի: Իրենք դա չեն գիտակցում, որովհետև կարելի է հավատավոր, սրբություններ ունեցող շատ լավ պատրանք ստեղծել, բայց գոնե ներեկեղեցական մարդիկ առաջին հայացքից կարող են ճանաչել՝ որն է ներկայացում, որն է իրական վերաբերմունք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, ըստ որի՝ քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ նկարել մեքենայում անդիմակ մարդկանց, Վահե Բեգոյանը հետևյալն ասաց.

«Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ հակասում է երկու տարի առաջ արած իր շատ հայտարարությունների՝ նկարահանումների, տուգանքների հետ կապված: Եթե իրենց թվում է` ժողովուրդը դա չի նկատում… ժողովուրդը կարող է չարտահայտվել, դրանք տարբեր բաներ են, բայց այն, որ դա նստվածք է թողնում, մարդիկ դա տեսնում են, փաստ է: Հասարակությունը ավանակներից չի բաղկացած, և չեն պատկերացնում, թե ինչ սխալներ են գործում: Ժողովուրդը վստահաբար նկատում է. չի նկատում մինչև առաջին տուգանքի հայտնվելը, լուրջ չի վերաբերվում կորոնավիրուսին՝ մինչև իր շրջապատում առաջին հիվանդը կամ առաջին մահը»:

2018թ. հեղափոխությունից հետո, ըստ նրա՝ եթե անգամ եղավ արժեքների հեղափոխություն, ապա՝ ոչ դեպի լավը.

««Հայեր ջան, դուխով» ե՞րգն էր արժեքը: Եթե նախկինների ժամանակ Արմենչիկը դարձավ վաստակավոր արտիստ, ապա հիմա դադարե՞ց լինելուց: Նրա փոխարեն եկավ «Հայեր ջան, դուխով»-ը, ինչը նույն արժեհամակարգի մեջ է»:

Վահե Բեգոյանն ընդգծեց՝ այս իշխանությունները որդեգրել են ինքնաոչնչացման ճանապարհը և շատ ակտիվ գնում են այդ ճանապարհով: Քննադատներին թիրախի նման վերաբերվելը և ֆեյքերով հալածելը վնասում է միմիայն իրենց, որովհետև դա ինքնաոչնչացման ճանապարհն է»:

Նա հավելեց. «Մենք նմանվել ենք աստվածաշնչյան մի շատ նշանավոր կերպարի՝ Ղովտի կնոջը. Սոդոմից դուրս գալիս՝ Աստված նրանց տալիս է մի պատվիրան՝ հետ չնայել: Հետ նայողը չի էլ մահանում, դառնում է աղի արձան և այդպես մնում է ճանապարհի մեջտեղում կանգնած: Դա Հայաստանի Հանրապետությունն է այսօր՝ Ղովտի կնոջ նման գլուխներս հետ թեքած՝ գնում ենք, հայտնի չէ՝ ուր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս