Տոտալ «լոք-դաուն»-ի որոշում այս պահին չկա. պարետատուն
ՀՀ-ում 24 ժամում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մասին վաղ առավոտյան հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գրանցվել է ռեկորդային՝ 723 նոր դեպք ու «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:
Երեկ Ազգային Ժողովում՝ արտակարգ դրության ժամկետը երրորդ անգամ երկարացնելու համար հրավիրված հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պարզապես այլ ընտրություն չունենանք և վերադառնանք «լոք-դաուն»-ի վիճակի:
«Մենք ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն՝ մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, ապա այդ բեռը մեր առողջապահական համակարգի համար տանելի կլինի, այսինքն՝ մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Եթե այս ամենից էականորեն տարբեր վիճակ ունենանք, ապա մենք կկարողանանք ուղղակի գնալ տոտալ «լոք դաունի», ինչը կնշանակի՝ հարված հասցնել մեր տնտեսությանը»,- նշել էր վարչապետը:
Այսօր արդեն վարչապետի հրապարակած տվյալների համաձայն վարակակիրների նոր դեպքերի թիվն ավելի շատ է, քան երեկ իր հայտարարությունում նշել էր Նիկոլ Փաշինյանը, ուստի հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ 168.am-ը դիմեց պարետատուն՝ ճշտելու՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է գնալ տոտալ «լոք-դաուն»-ի, կա՞ արդեն նման որոշում:
«Այս պահին նման որոշում չկա: Այսօր կրկին լինելու է պարետատան նիստ և եթե որևէ որոշում կայացվի, դուք, մեր հանրությունը կտեղեկանա այդ մասին հաջորդող ճեպազրույցի ժամանակ»,- 168.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի և պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը: