«Վիրուսը բորբոքել ա մեր մեջ օտար պետականության հիշողությունը». Նիկոլ Փաշինյան

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերլուծեց  նաև, թե որտեղից են գալիս  կանոնները և մասնավորապես հակահամավարակային կանոնները, չպահպանելու սովորույթը և հանգեց հետևության, որ դա հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածներից մեկն այն է,  , որ մենք մոտավորապես 600 տարի չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը հարազատ կհամարենք:

«2018 թվականին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերել ա ազատություն: Ու քանի որ պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ միշտ հակոտնյա ա եղել մեր ազատությանը, հիմա՝ էս ճգնաժամային իրավիճակում, պետական կարգ, որը  տվյալ դեպքում, նկատի ունեմ դիմակ և այլն, և այլն, ասոցացվում ա որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Այսինքն պատկերացնո՞ւմ եք՝ պետական կարգը քանի որ մեզ համար միշտ եղել ա, ընկալել ենք մեզ ազատությունից զրկելու գործիք, և էդպես ա եղել իրականում, հիմա այն պետական կարգը, որի նպատակը մեզ, մեր ազատությունը պաշտպանելն ա, մեր ենթագիտակցության մեջ չկա պետական կարգ և գիտակցության մեջ, որի նպատակը կլինի ազատությունը պաշտպանելը: Եվ հետևաբար ես չեմ կարող ուրիշ բացատրություն տալ էն ամեն ինչին, ինչ որ տեղի ա ունենում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի մեկնաբանությամբ սա մեզ, մեր պետականության համար շատ կարևոր, շրջադարձային պահ է, որ մեր կամքով ստեղծենք կարգ, ինչն, ըստ վարչապետի, նշանակում է, որ մեր ենթագիտակցությունից կջնջենք պետականազրկության ամբողջ ինֆորմացիան, ֆայլերը:

«Մենք մեր երկարատև պատմության ընթացքում, ժողովուրդ, երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել, հասկանո՞ւմ եք: Երբեք մենք մեր կամքով կարգ չենք ստեղծել: Կարգի ստեղծումը միշտ հակոտնյա ա եղել մեր կամքի հետ:

Էլի կրկնում եմ՝ մեր իրականության մեջ կարգը միշտ հաստատվել ա մեր կամքին հակառակ: Մենք մեր պատմության մեջ երբեք կարգ չենք հաստատել մեր կամքով: Եվ կարգը երբեք չի եղել մեր կամքի արտահայտություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե սա է մեր այսօրվա իրավիճակի հոգեբանական պատճառը:

Վարչապետը կատարած վերլուծության արդյունքում հանգել է մի եզրակացության, որ  մենք՝ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ ունենք մեր կամքով կարգ ստեղծելու հնարավորություն ունենք՝ մեր կամքով, ոչ թե բռնությամբ, ու ըստ Նիկոլ Փաշինյանի, սա դուրս է կորոնավիրուսի շրջանակից։ Սա պատմական պահ է, առաքելություն, կարծում է մեր երկրի վարչապետը, որը «կարա պատմականորեն լինի կործանարար և պատմականորեն կարող ա լինել հզորացնող»:

Եվ  Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե կարգ հաստատելու համար ինչ է անհրաժեշտ  կատարել. նախ յուրաքանչյուրը պետք է կատարի կարգից բխող պայմանները, իր վարքագծով կարգ ստեղծի և ուրիշից պահանջի նույն բանը՝ խնդրելով, պահանջելով, պարտադրելով, միջավայր այն ստեղծելով, որ կարգը չկատարելը լինի «ամոթի պես մի բան, որ կարգը չկատարողը իրան զգա որպես իզգոյ»:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ հոգեբանական շերտի անդրադարձավ: Ըստ նրա՝ մեր պատմության ընթացքում, փոքր դրվագները և բացառությունները հաշվի չառնելով, պետական մակարդակից հնչած տեղեկությունը ասոցացվել է ստի, խաբեության, իրականությունից շեղելու հետ, հետրևաբար եզրակացնում է վարչապետը,  ավելի հավաստի  ինֆորմացիա  է համարվել ոչ թե , պաշտոնական հաղորդագրությունը և դրա բովանդակությունը, այլ ՝ բամբասանքը, «բիսեկտայի խոսակցությունները»,  «ծանոթիս ծանոթը 100%-ով գիտի»-ն:

Նիկոլ Փաշինյանը համոզված ասաց՝ չնայած բոլորին էլ պարզ է, որ կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական աղբյուրների տված ինֆորմացիան ճիշտ է, բայց շարունակում է գոյություն ունենալ պաշտոնական ասածի հոգեբանական դիմադրությունը:

«Սա էդ օտար, օտար կարգ, օտար պետականության հիշողությունն ա, որ էսօր մեր մեջ, էս ճգնաժամի մեջ, Էս վիրուսը բորբոքել ա մեր մեջ էս օտար պետականության հիշողությունը: Կամ էլ, կամ էլ, ես չգիտեմ, կամ էլ ուրիշ, ավելի վատ վարկած՝ մեր սեփական պետականության ընկալումը դեռ մեր մոտ էդքան չի արմատացել և իսկապես, էս ամենամեծ պրոբլեմն ա, սա ճշմարտություն ա, սա ճշմարտություն ա, որ մեր իրականության մեջ կարգը երբեք մեր կամքով չի հաստատվել և հետևաբար կարգի ցանկացած դրսևորում դեմ է մեր կամքին:

Էս բանաձևն ա գործում մեր ենթագիտակցության մեջ և եթե էս բանաձևը հասկանալի էր, երբ որ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, էս բարաձևը կործանարար ա , երբ որ մենք ապրում ենք Հայաստանի երրորդ հանրապետությունում, այն էլ ոչ բռնի, թավշյա, ժողորդկանան հեղափոխությունից հետո»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եվ վարչապետը մի նոր բանաձև առաջ քաշեց  «կարգը պետք է բխի մեր կամքից», որովհետև այն ոչ թե մեր ազատությունը սահմանափակելու, մեր  իրավունքները ոտնահարելու, այլ մեր ազատությունը, մեր իրավունքները պաշտպանելու համար է։ Եվ սա պետք է ներդնենք մեր գենետիկ հիշողության մեջ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս