«Չես կարող ասել, թե ինչ կարող է սպասվել. հնարավոր է, որ ամեն ինչ կայծակնային արագությամբ փոխվի». Գրիգոր Գրիգորյան
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություններ ձեռք բերեցին հրադադարի պահպանման մասով, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր մոտ եղած խնդիրները կարողանա կանոնակարգել: Ըստ նրա՝ հակառակորդն այդ ժամանակը հենց այնպես չօգտագործեց, և իր դիրքերն ամրապնդեց նախիջևանյան թևում:
«Ես անցած անգամ էլ եմ ասել՝ հաջորդ սպառնալիքը, հնարավոր է՝ լինի նախիջևանյան թևում, գնահատեք վերջին իրավիճակը՝ կրակոցներ, մեքենաների այրում, լարվածության սրում: Սա նշանակում է, որ սադրանք կա հակառակորդի կողմից: Եվ, իմ կարծիքով, դա ավելի շատ Թուրքիայի կողմից է: Այո, Նախիջևանն այսօր խնդիր է դարձել նաև Ադրբեջանի համար, որովհետև, իմ կարծիքով, այն ավելի շատ է անցնում Թուրքիայի վերահսկողության ներքո, և ունենում ենք մի վիճակ, երբ երկուսը կռվում են, երրորդն օգտվում է: Երրորդ տարբերակը ձեռք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ ՌԴ-ին: Բայց ամիսներ առաջ եմ ասել և այսօր էլ հավաստիացնում եմ՝ հնարավոր է, որ մեկ-երկու ամսվա ընթացքում գործողություններ սկսվեն այդ ուղղությամբ, իսկ թե հետագայում ինչ կարող է լինել, չեմ կարող ասել:
Մյուս կողմից վստահ եմ՝ լավ է լինելու, քանի որ ունենք հաղթանակած բանակ, զինվոր, որը մեկ անգամ չէ ապացուցել, որ մենք ի վիճակի ենք հաղթել, քանի որ կարևոր չէ զենքի հին ու նորը, կարևոր է այն կիրառելու հմտությունը և կարողությունը: Ադրբեջանը 2016-ին ուներ գերժամանակակից զենքեր՝ «Սմերչ», բայց չկարողացավ իր խնդիրը լուծել, քանի որ ցանկացած զենք պետք է կարողանաս ճիշտ կիրառել: Իհարկե, որքան ունենանք գերժամանակակից զենքեր, դա մեզ համար լավ է, բայց երբ վարչապետը հայտարարում է, որ փակել ենք 80-ականների զենքի էջը, բայց գնում է 70-ականների «Օսա-ԱԿ» կամ «Օսա-ԱԿՄ», և այն ներկայացնում 2019 թվականի զենք, դա ծիծաղելի է: Սա վատ զենք չէ, և մեր բանակում լավ կիրառվել է և իր խնդիրները կատարել է, բայց դա նոր զենք չէ»,- նշեց պահեստազորի գնդապետը:
Այս համատեքստում Գրիգորյանն ասաց, որ չնայած կարանտինային պայմաններին՝ մեծ բարեփոխումներ են իրականացվում հայկական դիրքերում, առաջնագծում, որոնք նպատակային են և ճիշտ ուղղորդված:
«Այսօր մենք ոչ թե զենքի կամ դիրքերն ամրապնդելու խնդիր ունենք, այլ՝ բարոյահոգեբանական վիճակի: Ճիշտ է՝ բանակը դա դեռ իր կաշվի վրա չի զգացել, մեր երկրում է այդ վիճակը ցածրացել, որովհետև սորոսականները, մասոնականները, ԼԳԲՏ-ները, աղանդավորները փորձում են այն, ինչն ազգային է, հնարավորինս ոտնատակ տալ: Բայց իրենք հաշվի չեն առել մի բան. ամեն ինչ կարող է լինել, բայց հայի գենը երբ սկսում է խոսել, երբ դանակը ոսկորին է հասնում, մարդիկ կերպարանափոխվում են, ինչը տեսանք 2016-ին: Մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես այս հաշվարկը չի արել միշտ և փորձել է ինչ-որ բաներ անել և պատժվել է:
Այս մտքի շրջանակում ուզում եմ անդրադառնալ ԳՇ-ում վերջին նշանակմանը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ դարձավ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Ես կարող եմ ասել, որ նշանակվել է մի մարդ, որն ունի հարուստ անցյալ, և, համոզված եմ, չկա բանակում մեկը, ով նրա հրամանը չի կատարի և չի գնա նրա հետևից մինչև վերջ: Մինչև այսօր եղել են ղեկավարներ, որոնք ուզողներ և չուզողներ են ունեցել, Գասպարյան Օնիկին չուզողներ չկան: Կրկնում եմ՝ բոլորը քայլելու են նրա հետևից»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Հակադարձմանը՝ կան կարծիքներ, որ այս նշանակումից անվտանգային խնդիրների տեսանկյունից կարող ենք շատ ավելի հանգիստ լինել, բայց գեներալ Գասպարյանը պետք է կարողանա աշխատել ներկա իշխանությունների և Գերագույն գլխավոր հրամանատարի հետ, պահեստազորի գնդապետը կարծիք հայտնեց, որ ներկա իշխանություններն ամեն ինչ «փչացրել են» և հիմա փորձում են ինչ-որ շտկումներ մտցնել: Իհարկե, ընդհանուր առմամբ, ըստ Գրիգորյանի՝ դա դժվար ստացվի՝ չբացառելով նոր իշխանափոխության հնարավորությունը, նոր դերակատարների գալը:
«Իհարկե, չեմ ասում՝ հնի վերադարձ»,- լրացրեց Գրիգորյանը:
Ըստ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահի, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ինչը չի կարող ասել ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանի մասին:
«Դա մի կառույց է, որտեղ պիտի աշխատեն մարդիկ, որոնք պաշտոնի հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչ-որ ճանապարհ են անցել: Այս կառույցում չի կարող «օդից մարդ ընկնել», և այն էլ՝ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, գուցե շատ լավ մարդ է, խելացի, բայց այս կառույցում, կրկնում եմ, ղեկավար պաշտոնում «օդից մարդ ընկնել» չի կարող, այլ պետք է լինի դրա մեջ թրծված և համապատասխան ճանապարհ անցած մեկը, որը գիտի՝ ինչ է գաղտնիքը, ազգային անվտանգությունը, երկրի շահը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն, ինչպես և Ոստիկանությունը, այսօր զբաղված է ավելի շատ իշխանությունների համար ներքին խնդիրներ լուծելով, պահեստազորի սպան վստահեցրեց՝ բանակի դեպքում նման բան չկա, բանակը չի խառնվում քաղաքականությանը և իր խնդիրն է կատարում, և այսուհետ ավելի լավ է կատարելու, քանի որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանը շատ ավելի լավ են համագործակցելու, քան Արտակ Դավթյանի դեպքում էր, քանի որ Տոնոյանի և Դավթյանի միջև խնդիրներ են եղել:
«Շատերը քննադատում են Դավիթ Տոնոյանին, շատերը քթները մտցնում են բանակի գործերի մեջ, սակայն միայն արտաքինից է թվում, թե Տոնոյանը թույլ է, ինքը մեկ անգամ չէ ապացուցել՝ բանակը ճիշտ ուղիով է տանում:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, չեմ կարող այս համատեքստում կարծիք հայտնել, բայց մի բան հստակ է՝ այն պետք է ղեկավարի ԱԱԾ-ում ճանապարհ անցած մեկը: Ավելին ասեմ՝ դա փակ կառույց պիտի լինի, և ամեն մարդ չպետք է այնտեղ մուտք ունենա: Ինչպես կարելի է ԱԱԾ-ն դարձնել քաղաքական շահարկումների առարկա: ԱԱԾ-ն պետք է միայն լինի արտաքին թշնամու գործողությունները կանխելու, երկրում կամ երկրի համար կարևորագույն հարցեր լուծելու համար,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,- Այսօր խոսում ենք Մարտի 1-ից, բայց կարող է վաղը զարթնենք և դրանից վատ բաներ տեսնենք: Այսօր ամեն մեկը, ինչպես Կռիլովի հայտնի առակում, սայլն իր կողմն է քաշում, ամեն մեկը քաղաքականությունից ու հայրենասիրությունից է խոսում: Չեմ կարողանում պատկերացնել, թե ով է ճիշտ, բայց փաստ է, որ այս գործող կառավարությունն ամեն ինչ փչացրել է: Չես կարող ասել, թե ինչ կարող է սպասվել, հնարավոր է, որ ամեն ինչ կայծակնային արագությամբ փոխվի»:
Անդրադառնալով բանակին, պահեստազորի գնդապետը պնդեց՝ որքան հնարավոր է՝ ԶՈՒ-ն պետք է անցնի պայմանագրային ծառայության, այսինքն՝ ընդլայնի այն:
Ըստ նրա՝ պայմանագրային ծառայությանը պետք է այնքան գումար հատկացվի, որ մարդիկ քննությունով անցնեն:
Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ ՀՀ-ում և՛ մարդկային, և՛ ֆինանսական բավարար ռեսուրս կա՝ մեծացնելու պայմանագրայինների թիվը:
«Մենք ունենք այդ ռեսուրսները, մի հատ տեսեք, թե ամսական որքան պարգևավճարներ ենք բաժանում, և հաշվեք, թե վերջում դա ինչ թիվ է կազմում՝ միլիարդներ: Այդ ռեսուրսներն ունենք, և եթե ճիշտ օգտագործենք, դրանք մեր սփյուռքահայությունը կեռապատկի: Երբ հասկանան, որ ՀՀ-ում իրենց ուղարկած ռեսուրսները նպատակային են օգտագործվում, հավատացեք, որքան գումար պետք լինի՝ այնքան գումար լինելու է: Ուղղակի ամեն ինչ այնքան ենք փչացրել, որ մարդիկ հույսն ու հավատը կորցրել են»,- նշեց նա: