
«Երկու դեպք՝ հիվանդանոց չհասցնելու պատճառով. ի վերջո, քրեական վարույթ պիտի հարուցվի՞». Նաիրա Զոհրաբյանը՝ Արման Թաթոյանին

«Վարչապետն ինքը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք այն պարզ պատճառով, որ վարչապետի հայտարարությամբ՝ հիվանդանոցներում տեղ չի եղել»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված, մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու՝ պետությունն ունի միջազգային պարտավորություններ:
ՄԻԵԴ-ը նախադեպային և ոչ նախադեպային բազմաթիվ որոշումներով արձանագրել է պետության լեգիտիմ պարտավորությունը՝ մարդու առողջությունը պահպանելու, և այն դեպքում, երբ այս կամ այն առողջապահական օղակը չի կարողացել պաշտպանել մարդու առողջությունը, նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Կուզենայի Ձեր արձագանքը, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան իրավական ինչ-որ բան պիտի հետևի՞, թե՞ ոչ՝ պատասխանատվության մասով»:
Ի պատասխան ՝ Արման Թաթոյանը հայտնեց, որ իրենք կապի մեջ են պարետատան հետ ցանկացած խնդրով, ցանկացած հարցով և նաև ոլորտի պատասխանատուների հետ.
«Բուժօգնության ցուցաբերման հարցերով ես նաև լրացուցիչ գրություններ եմ հասցեագրել՝ և այդ դեպքով էլ պայմանավորված, և այլ, որպեսզի ստանանք լրացուցիչ տեղեկություններ, որովհետև ինձ անհրաժեշտ են (նաեւ օրենքով է էդպես պահանջվում) պաշտոնական պարզաբանումներ»:
Նաիրա Զոհրաբյանը կրկնեց հարցը՝ «Երկու դեպք՝ հիվանդանոց չհասցնելու պատճառով. Ի վերջո, քրեական վարույթ պիտի հարուցվի՞՝պարզելու համար մեղավորներին, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ:
Արման Թաթոյանն արձագանքեց. «Որպեսզի քրեական վարույթ հարուցելու հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ այս կամ այն դեպքն ինչ պատճառով է եղել, պաշտոնատար անձի մեղքով է եղել-չի եղել, և այլն: Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում ենք նաև պարզաբանումներին, որպեսզի հասկանանք մեր հետագա գործողությունները:
Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և իրավասության ծավալի առումով առնվազն ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել»:
ԲՀԿ պատգամավորը դարձյալ հղում արեց վարչապետի խոսքին՝ մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվելով, թե չի՞ կարծում արդյոք, որ իր նշած հարցերը պարզաբանելու համար՝ ո՞վ է մեղավոր, եղե՞լ են մեղավորներ, թե՞ ոչ, պետք է հարուցվի քրեական վարույթ:
«Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեև անկախ է, բայց պաշտոնատար անձ է, ունի կոնկրետ լիազորություններ:
Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների և այլն, ես չեմ կարող նման գնահատականներ տալ, և նաև հատկապես մեղավոր լինել-չլինելու հարցում: Դրա համար եմ ասում՝ հատուկ ընթացակարգով այդ հարցը ենթակա է պարզման»,- եզրափակեց ՄԻՊ-ը: