«Դանիել Իոաննիսյանի և մնացածների գործելաոճը, տեսակը այդպես է թելադրում». Սայաթ Շիրինյանի արձագանքն Իոաննիսյանի վարքագծին ու գրառումներին
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանն այժմ էլ չի հասկանում, թե ինչո՞ւ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը խաբեց մարդկանց, լուր տարածեց, թե իր նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:
«Որևէ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, որովհետև չէր կարող կազմվել, ինչի՞ հիման վրա պիտի կազմվեր: Կա պարետի որոշումը, որն ասում է, որ հասարակական վայրում, բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Բայց ես հասարակական բաց տարածքում չեմ եղել, ես եղել եմ իմ ավտոտնակում, և ոչ ոք չկար, և որևէ մեկից պաշտպանվելու կամ նրան պաշտպանելու խնդիր չի եղել: Այսինքն, եթե նույնիսկ վարչական իրավախախտման արձանագրություն կազմեին, պիտի հղում անեին: Բայց պարետի որոշման մեջ չկա այդպիսի բան, որ ես իմ ավտոտնակում, որի սեփականության անձեռնմխելիությունը հավասարեցված է բնակարանի սեփականության անձեռնմխելիությանը, որ ես պետք է դիմակ կրեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սայաթ Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով՝ սեփականության անձեռնմխելիությունը կայանում է նրանում, որ թույլ չի տալիս այնտեղ որևէ մեկի մուտքը, իսկ եթե որևէ մեկը փորձում է մտնել, դա կարող է դիտարկվել՝ որպես ներխուժում: Այդ ժամանակ նա կարող է անգամ իրեն թույլ տալ նույնիսկ հարվածել մարդուն: Կարծիքը չեն հարցնի միայն այն դեպքում, երբ կգնան դատարանի որոշմամբ:
Հիշեցնենք, որ երեկ՝ բակերով շրջելիս ու քաղաքացիներին դիմակ կրելու հորդոր անելիս, Դանիել Իոաննիսյանը մոտեցել էր իր ավտոտնակում միայնակ գտնվող Սայաթ Շիրինյանին ու պնդում էր, որ պարետի որոշմամբ ավտոտնակում Շիրինյանը ևս դիմակ պետք է կրի: Սայաթ Շիրինյանն էլ՝ որպես արձագանք, ասել էր, թե ինքը գտնվում է իր տանը, քանի որ ավտոտնակը հավասարեցված է տանը, և տանն իրավունք ունի դիմակ չկրել՝ հիշեցնելով Իոաննիսյանին, որ դա իրավաբանություն է, իսկ ինքը չի պատրաստվում իրավաբանության հիմունքներ սովորեցնել։
Մեր հարցին, թե իր կարծիքով՝ իսկապե՞ս Դանիել Իոաննիսյանը չէր տիրապետում այդ տեղեկությանը, Շիրինյանն այսպես պատասխանեց.
«Սա միգուցե իրենց շոուի տարրերից մեկն էր, իրենց իրավունքները, նույնիսկ ապօրինի, մարդկանց պարտադրելու տարրերից էր: Վստահ չեմ՝ ինքը տեղյա՞կ է, թե՞ տեղյակ չէ: Ես չէ՞ որ իրենց հորդորում էի, խնդրում էի, ասում էի՝ ցույց տվեք պարետի որոշումը, տուգանեք Ձեր 10.000 դրամը և գնացեք: Բայց մի քանի անգամ խնդրել-պահանջելուց հետո որևէ բան ցույց չտվեցին»:
Իոաննիսյանը նաև իր գրառման մեջ անդրադարձել էր Սայաթ Շիրինյանի պաշտոնավարմանը՝ առանձնացնելով 2008 թվականի մարտի 1-ին վերջինի գործունեությանը, մասնավորապես, գրել էր. «Այդ գնդապետը, որ 2008-ի մարտի 1-ին համակարգում էր ոստիկանության կողմից ստերի տարածումը»: Շիրինյանից հետաքրքրվեցինք, թե ըստ իրեն՝ ինչո՞վ է պայմանավորված Իոաննիսյանի՝ հենց այդ իրադարձությունների ժամանակ ոստիկանության գնդապետի պաշտոնավարման մասին հիշեցումը:
«Այո, այդ ժամանակ ես զբաղեցրել եմ ոստիկանության պետի մամուլի քարտուղարի, ինչպես նաև՝ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը: Գիտեք, այսօր իրենց համար տրենդ է դարձել 2008 թվականի մարտի 1-ը հիշատակելը: Որ ասում են՝ 2008 թվականի մարտի 1, իբրև թե, վայ, մարտի 1-ի ժամանակ բոլոր ուժային կառույցի աշխատողներն ինչ-որ չափով, այս կամ այն ձևով մասնակից են այդ հասարակական անկարգություններին, ինչ-որ չափով մեղսակից են կամ մեղավոր: Կներեք, եթե մեղքի բաժնի մասին է խոսքը գնում, այսօր մեղավորը կամ հանցագործը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Եթե իմ գործողություններում լիներ որևէ ապօրինություն, հետևաբար՝ այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ն իմ տեղը չգիտե՞ր: Կկանչեին, չէ՞, մի անգամ գոնե հարցաքննության: Եվ, ընդ որում, իմ պաշտոնական պատասխանները, որ ես տվել եմ, այդ պաշտոնական պատասխանները երբևիցե դատարանում չեն հերքվել, դրանից որևէ տող ապօրինի չի ճանաչվել, սուտ չի ճանաչվել, դրանք այսօր էլ ուժի մեջ են»,- ասաց Սայաթ Շիրինյանը:
Երբ այսօր ոստիկանությունը հայտնեց, որ չկա Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմված որևէ վարչական իրավախախտման արձանագրություն, Իոաննիսյանը մեկ այլ գրառմամբ անդրադարձավ Շիրինյանի ավտոտնակի ձեռքբերմանը՝ ակնարկելով դրա՝ օրենքի խախտմամբ սեփականաշնորհելու մասին:
«Դանիել Իոաննիսյանի և մնացածների գործելաոճը, տեսակն այդպես է թելադրում: Ես շատ կզարմանայի, եթե նման գրառում չաներ: Եթե ես ունեմ թաղապետարանի և համատիրության կնիքով հաստատված վկայական, որ այդ գույքը հանձնված է ինձ, գտնվում է իմ տնօրինության տակ, իմ անունով է, ի՞նչ է նշանակում՝ ոչ օրինական սեփականաշնորհված: Եթե ապօրինի է արված, ապա դրա պատշաճ պատասխանատուներն են թաղապետարանը և համատիրությունը, ես ի՞նչ կապ ունեմ այդտեղ: Բայց խնդիր չկա բացարձապես: Հողը սեփականություն չի, գույքը, շինությունն է սեփականություն: Կարող է՝ վաղը դա պետությունը գերակա շահ ճանաչի, կարող են գալ, քանդել, պետությունը կա՛մ կփոխհատուցի, կա՛մ չի փոխհատուցի, դա այլ խնդիր է»,- արձագանքեց գնդապես Սայաթ Շիրինյանը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել երեկվա քաղաքացիական նախաձեռնությունը, համենայն դեպս, այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում վարչապետը հայտարարեց, որ շարունակվելու է բակերում, շուկաներում քաղաքացիներին դիմակ կրել հորդորելու ակցիան: Նրա գնահատմամբ՝ ստացվում է՝ ակցիան արդեն ունի պետության ուղղակի աջակցությունը։
Բայց, ինչպես ասում են, չպետք է մոռանալ սիրո և թավիշի մասին։
«Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու մեր կոչը նույնպես արձագանք է ստացել, և ես հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում երկու հոգանոց խմբեր, որոնք կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին սիրով կիրազեկեն կանոնները պահպանելու կարևորության մասին: Նրանք կմտնեն շուկաներ, բակեր և առանց կոնֆլիկտային իրավիճակներ հրահրելու, սիրով, հոգատարությամբ, եղբայրաբար կհորդորեն, որ բոլորը պահեն կանոնները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: