«Ռիսկային է միանգամից 3 ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը մեկ օրում». Կարեն Վրթանեսյան

ՀՀ վարչապետի առաջարկով այսօր միանգամից երեք ուժային կառույցների ղեկավարներ փոխվեցին, որն ավելի ուշ հաստատեց ՀՀ նախագահը:

Մասնավորապես,  գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում  փոխարինեց Էդուարդ Մարտիրոսյանին, Վահե Ղազարյանը Ոստիկանության պետ դարձավ Արման Սարգսյանի փոխարեն:

Որքանով է վտանգում երկրի անվտանգությունն ուժային կառույցների ղեկավարների միանգամից և հապշտապ փոփոխությունը, որովհետև նրանց «գործողությունները հակասել են  վարչապետի ուղերձներին», ենթադրելի է՝ համաճարակային, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ,  բնականաբար, ոչ մի կառույցի կամ կազմակերպության ղեկավար հավերժ չէ, և ժամանակ առ ժամանակ պետք է փոխվի։ Ըստ նրա, սակայն, հարցն այն է, որ ցանկացած կառույցի նոր ղեկավարի ժամանակ է պետք հունի մեջ մտնելու, համակարգի տարբեր դերակատարների հետ աշխատանքային կապերն ամրապնդելու։

«Եթե նույնիսկ նորանշանակ ղեկավարը համակարգի ներսից է, միևնույն է՝ դերի փոփոխությունը ենթադրում է, որ ժամանակ է պահանջվելու, այսպես ասած, «ռելսերի վրա կանգնելու» համար։ Եթե որևէ համակարգի ղեկավարին հաճախ ես փոխարինում, ապա այդ ղեկավարները չեն հասցնում արդյունավետ աշխատել, չեն զբաղվում երկարաժամկետ ծրագրերի պլանավորմամբ և իրականացմամբ, ինչից, անշուշտ, տուժում է  համակարգերի աշխատանքը։ Էլ ավելի  զգույշ է պետք լինել, երբ խոսքն ուժային-անվտանգային կառույցների մասին է՝ հաշվի առնելով, որ մենք պատերազմող երկիր ենք, այն էլ՝ համաճարակի պատճառով, առանց այն էլ, շատ լարված իրավիճակում։ Նաև ռիսկային է միանգամից 3 ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը մեկ օրում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2 տարում և մեկ ամսում մենք ունեցել ենք 3-ական ղեկավար ԱԱԾ-ում և ոստիկանությունում, ընդ որում, երկու գերատեսչություններում էլ ղեկավարները կես տարի մնացել են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, ըստ էության՝ առկախված վիճակում։

Մեկ այլ խնդրահարույց հանգամանք է ԱԱԾ նորանշանակ պետի տարիքը՝ ընդամենը 29 տարեկան, առավել ևս, որ ազգային անվտանգության կամ պաշտպանական ոլորտում աշխատանքի փորձ նա չունի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետական որևէ համակարգ չի կարող դիմանալ այսքան հաճախ վերադասավորումների։

Տեսանյութեր

Լրահոս