Բաժիններ՝

«Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, բավականին ցածր է». Ջանջուղազյան

ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը բավականին ցածր է:

Աղազարյանը նկատեց, որ գույքահարկի փոփոխությունների նախագծով առաջարկվում է հողատարածքների գույքահարկի տարեկան դրույքաչափը 1 տոկոսից դարձնել 0.25 տոկոս: «Որքանո՞վ է այդ մոտեցումը համահունչ այն տեսակետի հետ, որ հարկային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսության զարգացացմանը»,- հետաքրքրվեց նա:

Նախարարն արձագանքեց. «Գույքահարկը ըստ էության տնտեսության զարգացման տեսակետից չի դիտարկվում նշանակալի գործոն: Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, բավականին ցածր է: Ըստ էության, այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը»:

Անդրադառնալով հարցին թե պե՞տք է գնալ այն ճանապարհով, որ արտադրական նշանակության գույքի համար այլ մոտեցում կիրառվի, քան ոչ արտադրական նշանակության գույքի՝ Ջանջուղազյանն ասաց, որ քննարկել են այդ մոտեցումը մինչև նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելը: «Եվ եկել ենք այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ որպես գործիք կիրառել: Մենք ուզում ենք բարձր արտադրողական տնտեսություն ունենալ մեր երկրում, ինչը միշտ չէ, որ նշանակում է, թե ինչքան մեծ է տարածքը, այնքան արտադրողական է այն: Եկանք այն եզրակացության, որ գնանք հետևյալ մոտեցմամբ՝ գույքն է հարկման օբյեկտը, և էական չէ տնտեսավարումը լա՞վ է կազմակերպվում, թե՞ ոչ»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ դա արդեն իր լուծումը կգտնի մյուս հարաբերություններում:

Նախարարը նաև հիշեցրեց, որ առաջարկված նախագիծը գյուղատնտեսական նշանակության հողերին չի վերաբերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս