Ի՞նչ նյութեր են գործածվում Հայաստանում ատամնաբուժության մեջ. վերահսկողություն չկա

Ատամնաբուժության մեջ վերջին տարիներին բավական մեծ տարածում է գտել մետաղակերամիկան, որը բաղկացած է միմյանց սերտաճած կերամիկական և մետաղական մասնիկներից և համարվում է ատամների լավագույն փոխարինիչներից մեկը: Մետաղակերամիկայում օգտագործվող մետաղական մասնիկները կամ համաձուլվածքները, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, կարող են օգտագործել միայն այն դեպքում, երբ համապատասխանում են որոշակի ստանդարտների: Եվրոպայում այդ ստանդարտը ISO 22764:2006-ն, ԱՄՆ-ում՝ FDA-ը, ՌԴ-ում՝ ГОСТ Р ИСО 22674-ը:

Ըստ ստանդարտների՝ համաձուլվածքի տուփի վրա գրված բաղադրությունը և դրանում եղած համաձուլվածքի իրական բաղադրությունը պետք է իրար համապատասխանեն՝ 0,1-1% տոկոսայնության տարբերությունը պահպանելով: Երկրորդ առանցքային չափանիշն այն է, որ մետաղական միացության մեջ կադմիումի կամ բերիլիումի բաժինը չպետք է գերազանցի 0,02%-ը:

Համաձուլվածքներում բերիլիումի նման ցածր ցուցանիշ սահմանելը պայմանավորված է մետաղի քաղցկեղածին հատկությամբ: Դեռ 1930 թվականից մարդիկ սկսել են նկատել, որ այդ մետաղի հետ որևէ կերպ շփվողների մոտ առանձանում են որոշակի խնդիրներ, ու ժամանակի հետ զուգահեռ՝ նվազեցրել են այդ մետաղի գործածումը:

Ի՞նչ նյութեր են գործածում հայաստանյան ատամնաբուժարանները

168.am-ին դիմած քաղաքացին, որի անունը չենք հրապարակում, հայտնեց, որ այսօր Հայաստանում որոշ ատամնատեխիկական լաբորատորիաներում մետաղակերամիկա պատրաստելիս օգտագործվում է մի համաձուլվածք, որում կա բերիլիում: Խոսքը Super Alloy-ի մասին է, որի տուփի վրա, սակայն, չկա որևէ նշում դրանում պարունակվող բերիլիումի մասին: Ըստ տուփի վրա առկա գրության՝ համաձուլվածքի բաղադրության մեջ կա 73% Ni, 14% Cr, 8,9% Mo, 1,4% Al:

Հայաստանում՝ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Անալիզների քիմիական մեթոդների լաբորատորիայում մետաղի իրականացրած հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ Super Allay-ում կա բերիլիում՝ 0,6%, այսինքն՝ նախատեսված չափանիշից 30 անգամ շատ: Համաձուլվածքն այժմ ուղարկել են Իտալիա՝ անկախ լաբորատորիայում հետազոտության:

Մեզ դիմած քաղաքացին այս ընթացքում փորձել է հասկանալ, թե Հայաստանում ով է իրականացնում վերահսկողությունն այս ոլորտում: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ԱՆ-ն պատասխանատու է միայն դեղերի համար: Սովորաբար, եթե որևէ դեղ պետք է բերվի Հայաստան, այն ԱՆ-ի կողմից ստուգվում է, և դրական եզրակացություն ստանալու դեպքում նոր միայն երկիր մտցնելու թույլտվություն ստանում:

Դիմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ կա՞ ստանդարտ նման ապրանքների վերաբերյալ, քանի որ, օրինակ, Եվրոպայում այն համարվում է բժշկական պրոդուկտ:

Ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են.

«Ապրանքային դասակարգման ԱՏԳ ԱԱ 7223 և 9021 ծածկագրերը ներառված չեն գործող տեխնիկական կանոնակարգերում: Սա նշանակում է, որ ապրանքային դասակարգման նշյալ ծածկագրերով ապրանքային խմբերում ընդգրկված արտադրանքը չի հանդիսանում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ, և դրա պատրաստման, ՀՀ-ում շրջանառության մեջ դնելու համար տեխնիկական կանոնակարգման ոլորտում պարտադիր պահանջներ սահմանված չեն»:

 Ատամնաբուժության մեջ բերիլիում իրավունք չունես օգտագործել, մարդը պետք է իմանա, որ այն քաղցկեղածին է

«Ամբողջ աշխարհը գիտի, որ բերիլիում իրավունք չունես օգտագործել, մարդը պետք է իմանա, որ այն քաղցկեղածին է: Ինքն իրավունք չունի օգտագործվելու ստոմատոլոգիայի մեջ, որովհետև այն չի համապատասխանում ոչ մի ISO ստանդարտի: Նորմալ պետությունները զբաղված են այս խնդրով, ու ուղղակի արգելված է օգտագործել, իսկ օգտագործելու դեպքում անգամ կարող են դատի տալ, լիցենզիայից զրկել: Հայաստանում վերահսկողություն չկա»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս նաև դիմել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով: Կարծես թե՝ անօգուտ: Զանգ են ստացել հանձնաժողովի փորձագետից, ով ասել է, թե հարցն իրենց տիրույթում չէ, և առաջարկել է օրենքի նախագիծ ներկայացնել:

Ըստ մեր զրուցակցի՝ այժմ մեր երկրում ատամնատեխնիկների կողմից այս մետաղի օգտագործումը պայմանավորված է տեխնոլոգիական պրոցեսի հեշտացմամբ. «եթե օգտագործում ես այս մետաղը, առաջին երկու էտապն ուղղակի պետք չէ: Իսկ եթե դու օգտագործում ես որակյալ, կարգին մետաղ, պետք է ձուլես, վրայից մաքրես առաջացած շերտը, վրան այլ շերտ քսես, մտցնես վառարան, հանես, նոր սկսես դրա վրա կերամիկան հավաքել: Այս մետաղն օգտագործելու դեպքում ձուլելուց հետո առաջացած շերտը չեն մաքրում, չեն քսում առաջինը, միանգամից սկսում է վրան կերամիկա հավաքել: Տեխնոլոգիական պրոցեսը հեշտանում է, դրա համար են սովորել սրան»:

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը 168.am-ի հետ զրույցում բացառեց Super Alloy-ում բերիլիումի առկայության հնարավորությունը: Եսայանի խոսքով՝ Super Alloy-ն այսօր ամենաշատը կիրառվող համաձուլվածքն է, և այն այսօր «երևի թե առաջին տեղն է զբաղեցնում մետաղ-կերամիկական կարկասների պատրաստման գործում»:

«Մի ուրիշ լաբորատորիայում էլ դա ստուգեք, որովհետև փաստացի բացառված է: Super Alloy-ը, որը կիրառվում է և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, եթե համապատասխանում է ստանդարտներին, իր վրա գրված է՝ 0.02, և հանկարծ այնպես ստացվի, որ նրա քանակությունը շատ ավելին է: Մեկի տված պատասխանը դոգմա չի: Երբեմն նման համաձուլվածքների մեջ որոշակի այս կամ այն մետաղի կամ նյութի անհրաժեշտություն է առաջանում, որն իրեն ապահովում է այս կամ այն հատկանիշները: Դրա համար դա թույլատրելի ստանդարտով է, այնպես չէ, որ մենք ինքնագլուխ ենք դա անում կամ ինչ-որ ձևով: Այսինքն, եթե դա եվրոպական սերիֆիկատ ունի, հետևաբար՝ մենք դա կիրառում ենք: Հիմնականում տուփի վրա գրվում են ավելի շատ մեծ տոկոսայնություն ունեցող նյութերը, այնտեղ 0.02%-ի մասին չի գրվում: Տուփի վրա կարող է գրված լինել՝ և այլ նյութեր»,- ասաց Լազար Եսայանը:

Ըստ Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահի՝ անգամ, եթե հաստատվի, որ համաձուլվածքն ունի որոշակի քաղցկեղածին հատկություն, ապա մետաղակերամիկայում օգտագործելու ժամանակ ատամնատեխնիկներն այդ համաձուլվածքը պատում են կերամիկայով, ու բուն ձուլվածքը մարդու բերանում կոնտակտ ունենում է միայն ատամի կարծր հյուսվածքի հետ: Արդյունքում, ըստ Լազար Եսայանի, այն բացասական ազդեցություն մարդու համար չի ունենա:

Մեր հարցին, թե արդյո՞ք բացասական ազդեցություն չի կարող ունենալ մասնագետների՝ ատամնատեխնիկների կամ ձուլողների համար՝ մետաղի հետ շփման արդյունքում, Լ.Եսայանը բացառեց:

«Համաձուլվածքը հալեցվում է փակ տարածությունում, և այնտեղ կան հատուկ պայմաններ, և օդատարներ, այն էլ՝ մղիչը միացրած, որ անմիջապես այն քաշում և հանում է դուրս: Այնպես որ, ձուլարաններում այդ գոլորշիները չեն պահպանվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Հայաստանում մետաղների թույլտվության համար վերահսկողության ու ստանդարտների բացակայությանը՝ Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահն ասաց, թե երկիր մտնող և կիրառվող բոլոր համաձուլվածքներն արդեն իսկ միջազգային ստանդարտներին համապատասխանում են, ու «եթե անգամ շատ ցանկանան էլ, խալտուրա չեն կարող անել»:

Super Alloy ապրանքանիշը Հայաստան ներմուծող ընկերության հետ 168.am-ին կապ հաստատել չհաջողվեց: Ապրանքանիշի տուփի վրա առկա չէր որևէ տվյալ՝ հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային հասցե, որով կկարողանայինք կապ հաստատել ներկրողի հետ, նրան ևս որոշակի հարցեր ուղղելու և արզաբանումներ ստանալու համար: Չնայած Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը կարծիք հայտնեց, որ ապրանքանիշի ներկրողը մեզ ինչ-որ պատասխան տալ չի կարող, սակայն վստահ ենք, որ ներկրողը ևս իրավունք ունի այս մասին իր դիրքորոշումը հայտնել:

Եվ քանի որ մեր զրույցակիցները նշել էին, որ Հայաստանի ատամնատեխնիկական լաբորատորիաների մեծ մասն օգտագործում է Super Alloy համաձուլվածքը, փորձեցինք զրուցել խոշոր ատամնատեխնիկական լաբորատորիաների ղեկավարների հետ:

 «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայի տնօրեն Կարեն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մետաղակերամիկայում խորհուրդ է տրվում օգտագործել կոբալտի ու քրոմի համաձուլվածքը:

«Մենք օգտագործում ենք կոբալտ-քրոմ՝ մետաղակերամիկայի համար, որի մեջ այն բաղադրիչներն են, որոնք վտանգավոր չեն մարդու կյանքի համար: Օրինակ՝ մետաղներ կան, որի մեջ բերիլիում կա, դա նիկել-քրոմներն են, որ կերամիկան լավ կպնի մետաղին, օգտագործում են բերիլիումը, որը որ թույն է, քաղցկեղածին հիվանդություններ է առաջացնում: Երկրներ կան, որ արգելված են այդ մետաղները:

Հայաստանում դեռ մարդիկ կան, որ դա օգտագործում են՝ չիմանալով, թե դա ինչ է: Մեր լաբորատորիայում, ձուլարանում մենք չենք օգտագործում այդ մետաղը՝ գիտակցելով, որ դա վտանգավոր է: Իսկ բերիլիումը հիմնականում վնասակար է այն ժամանակ, երբ ձուլողն է դա օգտագործում ձուլվածքը հալեցնելու ժամանակ: Ծուխը դուրս գալով՝ առաջացնում է խնդիրներ: Դրանից հետո առաջացնում է խնդիր տեխնիկների մոտ, նրանք տաշում են, այդ օդը շնչում են ինչ-որ չափով, նոր վերջում պացիենտին, ում համար այնքան վտանգավոր չէ, ինչքան ձուլողների ու տեխնիկների համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատ ատամնատեխնիկներ կոբալտ-քրոմի համաձուլվածքից հրաժարվում են, որովհետև երբ օգտագործում են մետաղը, օքսիդացման ժամանակ սև, մոխրագույն շերտ է առաջանում:

«Շատ տեխնիկներ զլանում են ծածկել էդ մոխրագույնը, ու վրան հավաքեն կերամիկան, որ տակի մետաղի սևը չերևա, գալիս են անգամ, մեզ ստիպում են, ասում են՝ բերիլիումից արեք, Supper Alloy է կոչվում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 «Հովագիմյան լաբ» ատամնատեխնիկական լաբորատորիայի տնօրեն Սարգիս Հովագիմյանն ասաց, որ իրենց լաբորատորիայում օգտագործում են երկու՝ նիկել-քրոմի և կոբալտ-քրոմի համաձուլվածք: Սարգիս Հովագիմյանի խոսքով՝ իրենց լաբորատորիայում Հայաստանում առկա բերիլիում պարունակող ձուլվածքներ չեն օգտագործում. «նախ՝ ես իմ առողջության համար, իմ աշխատակազմի առողջության համար, ենթադրենք, թե չեմ մտածում իմ սպառողի առողջության մասին, որովհետև այն ռադիոակտիվ է՝ ինչքան էլ փոքր տոկոս լինի»:

«Եվրոպական երկրներում, նաև ԱՄՆ-ում, այն համաձուլվածքները, ովքեր կպարունակեն շատ չնչին տոկոս ռադիոակտիվ մետաղներ, իրանք արգելվում է օգտագործել: ԱՄՆ-ում թույլատրվում է արտադրել, բայց իմ ունեցած տեղեկությամբ, որին վստահ չեմ 100%, չի թույլատրվում օգտագործել, թույլատրվում է արտահանել այն համաձուլվածքները, որոնց մեջ կա բերիլիում՝ թեկուզ 0,2%-ով: Օրինակ, Եվրոպայում բացարձակապես արգելվում է մեր ոլորտի մեջ կիրառել այն:

Հայաստանում որոշ կազմակերպություններ ներկրում են այնպիսի համաձուլվածք, որոնք պարունակում են բերիլիում: Չէի ասի, թե մյուսներից դա էժան է, ուղղակի իր հետ մի քիչ ավելի հեշտ է աշխատել, դրա համար շատ տեխնիկներ կամ լաբորատորիաներ նախընտրում են այդպիսի համաձուլվածք: Այն պետք է արգելվի: Դրա ապացույցն է, որ որևէ մետաղ, որի վրա կա CE դրոշմանշանը, դրա մեջ բերիլիում չի լինում, որովհետև եթե մեջը բերիլիում եղավ, եվրոպական շուկայում չի կարող վաճառվել»,- ասաց Սարգիս Հովագիմյանը:

«Զիրքոն դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիայի տնօրեն Սարգիս Արթինյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց լաբորատորիայում մի քանի տարի օգտագործում են մեկ տեսակի գերմանական համաձուլվածք:

«Մետաղների տեսականին մեծ է, լավ մետաղներ են նրանք, որոնք բերիլիում չեն պարունակում: Այն մետաղները, որոնք բերիլիումի հիմքի վրա են, դրանք Եվրոպայում չեն թույլատրվում, բայց ուրիշ երկրներ օգտագործում են:

Ամեն լաբորատորիա իր մետաղներն է օգտագործում, տարբեր տեսակի: Կան, որ երկու տեսակի մետաղ են օգտագործում՝ մի քիչ ավելի էժան և ավելի թանկ՝ նայած՝ բժիշկն ինչքան է վճարում»,- ասաց Սարգիս Արթինյանը:

 

«ԷԴԼ Դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիայի տնօրեն Էդուարդ Միքայելյանն էլ նշեց, որ իրենց լաբորատորիայում հիմնականում Super Alloy-ից չեն օգտագործում՝ «նախկինում փորձել ենք, բայց հիմա չենք օգտագործում»:

«Մենք օգտագործում ենք ամերիկյան Argeloy ֆիրմայի մետաղները: Մենք համապատասխանեցնում ենք մետաղները կերամիկական նյութերի հետ, որը վառարանում կարծրանալիս մետաղին քիմիական կապով կպնի, ոչ թե՝ մեխանիկական: Կան նաև BEGO ֆիրմայի մետաղներ՝ կոբալտ-քրոմի, նիկել-քրոմի տեսակով, որը գերմանական արտադրության է, որի պաշտոնական ներկայացուցիչը էլի SZ Pharma-ն է»,- ասաց Էդուարդ Միքայելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս