«Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի». Արսեն Թորոսյան
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով վերջին օրվա կորոնավիրուսի վարակակիրների թվին՝ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ կրկին գրանցվել է մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվը՝ 697 նոր դեպք, ինչի հետևանքով ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը և դարձել է 11.221:
«Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույնի շրջանակներում: Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, և թոքերի օդափոխության սարքերին միացած 15 հոգի»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին գրանցվել է վտանգավոր տենդենց, ու կրկին արձանագրվել են տարբեր դեպքեր արտադրական կոլեկտիվներում: Ըստ Արսեն Թորոսյանի՝ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում:
«Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20%-ը կարիք ա ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն ա, որ մնում ա տանը, տնային բուժման՝ առողջության առաջնային պահպանության օղակի հսկողության տակ, և մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Եվ շատ կարևոր ա, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք էդ պրոցեսը ինչպես մինչ այս արել ենք, այսինքն՝ որևէ մեկին չենք թողի առանց բուժօգնության, շարունակենք հենց էդպես: Հակառակ պարագայում շատ դժվար ա լինելու էդ ամենը ապահովել, ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք ա հենց սրանից բխեն, հիմնականում սրանից բխեն»,- նշեց նախարար Թորոսյանը:
Որպես անդրադարձ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այսօր հիմնական խնդիրն այն է, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր դրա կարիքն ունեցող քաղաքացիներին:
Կառավարության նիստում նաև խոսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում ներկայացրած լուսանկարների հրապարակումների արդյունքների մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում