«Խորհրդարանական մեծամասնությունը Կառավարությանը չի կարողացել համոզել, որ այս նախագիծն անհրաժեշտություն է». Էդմոն Մարուքյանը՝ Նարեկ Զեյնալյանին
Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
Նախագիծը ներկայացնելիս Նարեկ Զեյնալյանն ասաց, որ Կառավարության հետ հարցը ևս քննարկել են, ըստ էության գործադիրը դեմ չէ նման նախագծի, սակայն առաջարկվել է, որպեսզի որոշակի դադար տան հաշվարկներ կատարելու համար, այսինքն՝ հասկանալու համար, թե որքան աշխատողի մասին է խոսքը:
«Առաջարկում եմ այս նախագծին հիմա դեմ քվեարկեք, որպեսզի նախագիծը տեղափոխենք առաջարկությունների փուլ և կարողանանք կանխատեսումներ ունենալ»,- նշեց Նարեկ Զեյնալյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով Նարեկ Զեյնալյանին՝ ասաց, որ երկար ժամանակ ԼՀԿ-ն առաջարկում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել խոցելի խմբում հայտնված քաղաքացիներին, հետևաբար՝ ողջունելի է, որ նման նախագիծ է բերվել խորհրդարան:
«Երեկ մենք առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցինք այս նախագծին, հիմա ես հասկանում եմ, որ դրա հետ կապված Կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից է եղել, և նախագիծը հետ է տարվում: Ի՞նչն է պատճառը, որովհետև վերջին հաշվով՝ Ձեր հիմնավորումներն այն մասին է, որ նախագիծը հետաձգվում է, ու չգիտենք, թե երբ այն կքննարկվի, այսինքն՝ հնարավոր է՝ ընդհանրապես չընդունվի: Դուք չեք կարողացել գալ համաձայնության, խորհրդարանական մեծամասնությունը Կառավարությանը չի կարողացել համոզել, որ այս նախագիծն անհրաժեշտություն է, և այն պետք է հիմա ընդունվի, հետո արդեն շատ ուշ կլինի: Քաղաքական հիմնավորումն եմ ուզում հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատասխանելով՝ Նարեկ Զեյնալյանը նախ նկատեց, որ Էդմոն Մարուքյանն առաջարկում էր առանց թիրախայնության ՀՀ բոլոր քաղաքացիներին տրամադրել 100 հազարական դրամ, որի տրամաբանությունն իր համար այդքան էլ հասկանալի չէ:
«Միանվագ, եթե այդ գումարը տրամադրի պետությունը, ապա անհասկանալի է, թե հաջորդ քայլը որն է լինելու: Մեր նախագծի հետ կապված՝ Կառավարությանը համոզելու կամ չհամոզելու խնդիր չկա, արդեն ասացի, որ գաղափարը Կառավարության համար ընդունելի է եղել, որոշ հոդվածներ նաև Կառավարության հետ է համատեղ քննարկվել ու ընդունվել: Այստեղ պարզապես որոշակի կանխատեսելիություն կատարելու մեջ է հարցը»,- շեշտեց Ն. Զեյնալյանը:
Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանը նկատեց. «Պարոն Զեյնալյան ջան, արդեն բնավորություն է դառում մեզ վերագրել բաներ, որոնք մենք չենք ասել: Մենք առաջարկել ենք ֆինանսավորել այն ընտանիքներին, ովքեր կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել են, ինչը դուք մերժել եք: Տվյալներ ունենք, որ 70 հազարից ավելի մարդ մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում գործազուրկ է դարձել, սա՝ պաշտոնապես: Ձեր առաջարկը լավ առաջարկ է, և մենք ուզում ենք այն ընդունվի, եկեք այսօր ընդունենք»:
Նարեկ Զեյնալյանը վստահեցրեց, որ նախագիծը կքննարկեն, և այն առաջիկայում կմտնի երկրորդ ընթերցման ռեժիմով: