Բաժիններ՝

Հայաստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին և պետք է դիմի միջազգային հանրությանը՝ օգնության խնդրանքով, ինչն ուշացնում է. Վահե Հովհաննիսյան. Tert.am

Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի, սահմանափակումների մեղմացման հետագա հետևանքների, Փաշինյանի՝ իրեն միջոցառումներից նկարներ ուղարկելու կոչի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: Նա կարծում է, որ մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին, ինչից ելնելով էլ պետք է կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը: «Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր, մենք ուշացնում ենք»,- նշում է նա:

– Պարոն Հովհաննիսյան, օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ մլն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հասնում ենք Իտալիային, երեկ ունեինք վարակման 517, այսօր՝ 515 նոր դեպք, մահերն էլ ավելանում են: Այս ամենն ինչի՞ հետևանք է:

– Այս պահին ամենակարևոր խնդիրն իրավիճակի ճիշտ գնահատումն է։ Հապաղելը նոր, ավելի ծանր իրականության առաջ է մեզ կանգնեցնելու։ Մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին։ Սրանից ելնելով է պետք կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը։ Ի՞նչ են տալիս մեզ այդ համեմատությունները։ Քաղաքացին իր աչքով տեսնում է առկա և ահագնացող իրականությունը, ողբերգությունը բոլորի դռան շեմին է։ Միակ բանն այսօր, որ պահանջվում է կառավարությունից, հումանիտար աղետից դուրս գալու կոնկրետ քայլերն են։ Մնացածը դատարկախոսություն է, որն ունի շատ թանկ գին։

– Ի՞նչ սպասել հետագայում․ չպե՞տք է հետևել նույն Իտալիայի օրինակին և գնալ խիստ սահմանափակումների՝ վիճակը հաղթահարելու համար: Առողջապահական համակարգում կոլափս չի՞ առաջանա։

– Երբ մենք խոսում ենք հումանիտար աղետի մասին, ապա պետք է հասկանանք, որ ամեն օրը, որը գրագետ չի օգտագործվել, հանգեցնելու է ավելի բարդ իրավիճակի։ Հապաղման ամեն օրը ավելի ծանր իրականության հիմքն է դնում։ Ամեն օր հրապարակայնացվում են մարդկանց պատմությունները, ովքեր հիվանդացել են և չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Ըստ էության՝ տապալված են բոլոր օղակները՝ մարդիկ չեն կարողանում թեստ հանձնել, շատ դժվարացել է ԿՏ-ի հնարավորությունը, հիվանդանոցում տեղ գտնելը, բուժում ստանալը։ Աղետն այլ կերպ ինչպե՞ս է լինում։ Հենց այդպես, երբ օրվա ցուցանիշներն անընդհատ վատանում են, և մարդիկ ամեն օր սպասում են կառավարության քայլերին, բայց ստանում են դատարկախոսություն։ Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր։ Մենք ուշացնում ենք։

– Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ նաև անդրադառնաք Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությանը, որով կոչ արեց իրեն միջոցառումներից նկարներ, տեսանյութեր ուղարկել, վարչապետը մի քանի ուղիղ եթերի միջոցառումներ հրապարակեց, ապա հեռացրեց դրանք, դրանցից մեկն այլ երկրում էր, մի լուսանկար էլ հին էր: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս գործողությունները։

– Անիմաստ է քննարկել այդ գործողությունների էթիկական կողմը, անիմաստ է քննարկել նույնիսկ դրանց հակահամաճարակային նշանակությունը։ Հիմա խոսքը հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության մասին է։ Հիմա վարկանիշի ու սերիալների ժամանակը չէ։ Մի բան ակնհայտ է դառնում՝ այս կառավարությունը կորցրել է կառավարելիությունը։ Երկար ելույթների, բրիֆինգների, ֆեյսբուքյան ակցիաների տակ հասարակությունը չի տեսնում իր հարցերի պատասխանները։ Չմոռանանք, որ հարցերը կյանքի ու մահվան սահմանին են։ Սա անհեթեթ վիճակ է, որ չի կարող երկար շարունակվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս