Բաժիններ՝

«Հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մասնավորապես, տեղեկացվել է, որ պարետատան որոշմամբ՝ Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ «Այսինքն՝ հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս: Քանի որ եղանակն ամառային է և զբոսանքի տրամադրող, այդ ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետև բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Իր հերթին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է նաև մասնակցել կանոնների պահպանման ուղղությամբ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և սոցցանցային էջերում ներկայացնել խախտման փաստը նկարագրող լուսանկարները։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ երեկվանից սկսված ֆլեշմոբը տվել է իր դրական արդյունքները և ինքը ևս ակտիվորեն մասնակցելու է հանրային վերահսկողության գործընթացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս