«Հանրային բաց տարածքներում դիմակ կրելն այսուհետև պարտադիր է». պարետ

«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրից, բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլորի համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Բացառություններ, իհարկե, լինելու են:

«Բացառություն են կազմելու մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ կատարողները»,- ասաց պարետը:

Տիգրան Ավինյանը նշեց՝ ապացուցված է, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակման հավանականությունը: Այդ է պատճառը, որ անկախ եղանակային պայմաններից՝ նման որոշում է կայացվել:

«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է  չունենանք, հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ նիստի ընթացքում դիտարկվել են տեղաշարժի, տնտեսական սահմանափակումներին վերադառնալու հավանականությունը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը, սակայն հնարավորինս փորձում են զերծ մնալ այդ ամենից:

Տեսանյութեր

Լրահոս