«Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողումներ չունենանք, սա կադրային քաղաքականության արդյունք է». Էդմոն Մարուքյանը՝ Քաղավիացիայի ոլորտի մասին

«Ես երեկ այս մասին արդեն խոսել եմ, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, ժամանակը կգա, ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծենք և բոլոր մեղավորներին կկանչենք և այդ ամենի մասին կխոսենք: Հիմա մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակն էլ չէ, պետք է ուղղակի յուրաքանչյուրն իր օրինակով,  գործողություններով այս իրավիճակի վրա իր ազդեցությունն ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրավիճակի հետ կապված, եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի կայացրած որոշմանը, ըստ որի՝ Հայաստանում արտոնագիր ստացած որևէ ավիաընկերություն չի կարողանա թռիչք կատարել ԵՄ տարածք, Էդմոն Մարուքյանն ասաց, որ մոտավորապես երկու ամիս առաջ իմացել են, որ նման նիստ պետք է տեղի ունենա, և ասել էին, որ համապատասխան մասնագետների խումբ ձևավորեն, անցնեն համապատասխան ընթացակարգերով և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չհայտնվի «սև ցուցակում»:

«Հիմա այդ ամենը չի արվել, և հերթական ոլորտն է, որը ձախողել է, գիտեք, չկա ոլորտ, որտեղ մենք ձախողումներ չունենանք, և սա կադրային քաղաքականության արդյունք է: Հիմա, որ Հայաստանում լիցենզիա ստացած ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ տարածք, սա երկրի իմիջի համար շատ վատ բան է, տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք ասում են՝ դե, էդ ո՞վ էր գնալու Եվրոպա, որ: Չգիտեմ՝ ո՞վ էր գնալու, ի՞նչ էր անելու, բայց երկրի իմիջի համար այս ամենը շատ վատ է»,- շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հանրաքվեն չեղարկելու նախագծին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա կեղծ օրակարգ է, օրական տասնյակ մահեր են գրանցվում, իսկ իշխանությունը զբաղված է նման օրակարգով և հանրաքվեով, այդ պատճառով էլ երկիրը նման օրի է հայտնվել:

«Դեռ մարտ ամսին մենք ասում էինք՝ պետք է չեղարկել հանրաքվեն, հետաձգել Արցախի ընտրությունները, իշխանություններն ասում էին՝ ժողովուրդ ջան ընդդիմությունը պանիկա է տարածում»,- եզրափակեց խոսքն Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս