«Թող նշի, թե կոնկրետ որ մի ապաշնորհ գործողությունների հետևանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք». Արմեն Խաչատրյանը՝ Արթուր Վանեցյանի գրառման մասին
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպին և թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի գնահատականներին՝ նշեց, որ Վանեցյանը ժամանակին եղել է ԱԱԾ պետ, և իր գործառույթներով պայմանավորված՝ կարող էր նման խնդիրները վերլուծել ու վեր հանել.
«Եթե ժամանակին եղել են, ինչո՞ւ դա չի արել, թող նշի, թե կոնկրետ որ մի ապաշնորհ գործողությունների հետևանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք: Պետք է ասեմ, որ մենք այսօր ունենք ոստիկանություն, այսօրվա այս հանրային կառավարման մի կարևորագույն բեռը ոստիկանության վրա է: Ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում, մենք երբեք չեն իմանում, թե ինչեր կարող էին լինել, որ չեն եղել, քանի որ կանխարգելվել են: Ոստիկանությունը հնարավորինս իր ուժերի ներածին չափով ծառայում է»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ Արթուր Վանեցյանը լինելով ԱԱԾ նախկին տնօրեն՝ վատ չէր լինի, որ ընդհանրապես գնահատական տար իր ծառայության ընթացքում իրականացրած գործունեությանը, թե ինչ է եղել, ինչպես է կառավարել, և ինչ արդյունքներ կան, նրա խոսքով՝ հանրությունը դժգոհ է:
Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը՝ մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում