Բաժիններ՝

«Վնասվածք ստացած որոշ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էին նախորդ օրը Գավառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված անձինք։

«Կան բազմաթիվ տուժածներ, որոնք այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ տարբեր բժշկական կենտրոններում: Ոմանց կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է առողջապահության նախարարը։

Հիշեցնենք՝ երեկ Գավառի ճանապարհին կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել են: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, ըստ նախնական տվյալների՝ հաշվեհարդար տեսնելու: Այնտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նրանց մուտքը կանխել հնարավոր չի եղել, որովհետև նրանք շատ են եղել և հարձակվել են տարբեր մուտքերից: Ըստ տարածված  տեղեկությունների՝ ներս մտածները դանակով կտրել էին կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձանց պարանոցները:

«Ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, մենք միասին եղել ենք դեպքի վայրում: Հիվանդանոցում եղել են այլ պաշտոնյաներ, բայց դեպքը կանխել չհաջողվեց: Խնդիրը քանակի մեջ էր, իրավիճակը կառավարումից դուրս է եկել: Հիմնականում Գավառի և Նորատուսի բնակիչներ են եղել»,- ասել է  Սանոսյանը՝ չներկայացնելով  այլ մանրամասներ, պատճառաբանելով, թե իրավապահները կպարզեն:

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անընդունելի է համարել այն, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ հիվանդանոցում:

«Մեր հիմնական մտահոգությունն այս իրադարձությունից հետո Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է, ինչի համար և այցելել եմ, որ իմանամ դեպքի մանրամասները՝ բժշկական կենտրոնի աշխատանքի վերականգնման առումով: Եկել եմ իմանալու, թե արդյոք եղե՞լ են տուժածներ բժշկական անձնակազմից, պարզվեց, որ չեն եղել: Դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում, հատկապես՝ բժշկական կենտրոններում, վտանգի տակ է եղել ոչ միայն այդ քաղաքացիների կյանքը, ում հետևից 100-ավոր այլ քաղաքացիներ եկել են հաշիվներ պարզելու, այլ նաև այստեղ բուժվող այլ քաղաքացիներինը»,- ասել է Թորոսյանը:

Նա նաև նշել է, որ բժշկական սարքավորումները չեն վնասվել, իսկ շենքերի դուռ-լուսամուտների, սանհանգույցների, պատերի վնասները անհապաղ կվերականգնվեն, որ հիվանդանոցը վերադառնա իր բնականոն աշխատանքին:\

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս